Օգոստոսի 10-ին Հայաստանի Իջևան քաղաքում կայացավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այստեղ տեղի ունեցավ հայ-վրացական համերգային հրավառություն:
Շատրվանների հրապարակում համերգային մեծ ծրագրով ելույթ ունեցան սիրված երգիչներ Էրիկ Կարապետյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան: Փառատոնին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետն ու նրա տիկինը, ովքեր Իջևան էին եկել հեծանիվներով։
Փառատոնը վարում էին Հայաստանի Առաջին Ալիքի հաղորդավար Ռուբեն Մուրադյանն ու Վրաստանի Առաջին ալիքի հաղորդավար Լիանա Մարգարյանը։ Իջևանում կայացած այս փառատոնը երկու հեռուստաալիքների միջև համագործակցության ևս մեկ օրինակ էր։
Երեկոյին ներկա էին Հայաստանի տարբեր վայրերից ժամանած քաղաքացիներ, իջևանցիներ և նաև Վրաստանից ժամանած հյուրեր։
«Ֆեստիվառ»-ի 2024-ի առաջին կանգառը Գյումրին է եղել, որտեղ հուլիսի 28-ին ի թիվս այլ միջոցառումների, տեղի էր ունեցել Թաթա Սիմոնյանի մեծ մենահամերգը: Փառատոնն այդ օրը Գյումրիում էր համախմբել հարյուրավոր զբոսաշրջիկների, տարբեր մարզերի բնակիչների ու պաշտոնյաների: Տոնին մասնակցել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի վերջին՝ 3-րդ կանգառը կլինի Եղեգնաձորը:
Առաջին անգամ այն անցկացվել է 2023 թվականին: Հուլիսի 22-ին Վանաձորում, օգոստոսի 12-ին Գավառում և օգոստոսի 26-ին Սիսիանում կազմակերպվել են մեծամասշտաբ համերգներ, որոնց մասնակցել են 2 տասնյակից ավելի արտիստներ և բենդեր: Համերգներին նախորդել են տեղական արտադրանքի տոնավաճառներ:
3 քաղաքում 91 տնտեսվարող անվճար հնարավորություն է ստացել ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները, մեկ օրում գրանցել ռեկորդային ծավալի վաճառք:Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ յուրաքանչյուր մարզի համար երեք լեզվով տպագրվել են տեսարժան վայրերի և մարզի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ:
Փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 50 հազարից ավելի մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: «Ֆեստիվառը» տուրիստական մեծ աշխուժություն է հաղորդել համայնքներին. հյուրանոցային և հյուրատնային տնտեսություններն այդ օրերին գրանցել են աննախադեպ թվով այցելուներ: