Նոր ձերբակալություններ Վրաստանում. նախագահը պահանջում է անհապաղ ազատ արձակել «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենին

Նոր ձերբակալություններ Վրաստանում. նախագահը պահանջում է անհապաղ ազատ արձակել «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենին

Վրաստանում նոր ձերբակալություններ են սկսվել. ձերբակալվել են ֆինանսների եւ էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին, կրթության եւ արդարադատության նախկին նախարար, ներկայումս «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, «Գութիձե, Դամենիա, Չանթլաձե սոլյուշըն» ընկերության հիմնադիր, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիան, «Թելասի» ընկերության գլխավոր տնօրեն Դեւի Կանդելակին եւ այդ ընկերության եւս երկու նախկին ղեկավարներ: Նրանք ձերբակալվել են առկա ապացույցների հիման վրա՝ հարցաքննություններից հետո, լրագրողներին հայտնել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից:
Այս ծառայությունը երկրի գլխավոր դատախազության հետ միասին քննում է կեղծ ձեռնարկությանը 2012-ի հուլիսին 1 մլն դոլար փոխանցելու գործը՝ էներգետիկ ընկերություններին խորհրդատվություն մատուցելու համար: Բոլոր ձերբակալվածներն անցնում են այս գործով, գրում է «Նովոստի Գռուզիան»:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել անհապաղ ազատ արձակել «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային: Սահակաշվիլին իր հատուկ հայտարարությունն արել է հենց «Ռուսթավի-2»-ի եթերում:
«Անհնար է պատկերացնել, որ ձերբակալվել է անկախ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: Կարելի է ասել, որ դա արվել է շատ կասկածելի մեղադրանքների հիման վրա: Նրանք, ովքեր դա անում են, նրանց համար ամեն ինչ շատ շուտով վատ ավարտ է ունենալու»,-ասել է երկրի նախագահն ու հավելել. «Վրաստանում ոչ ոք չի կարող այնպիսի ռեժիմ հաստատել, որին նրանք ձգտում են»:NEWS.am



Opinion, pooling and voting