Քութաիսիում անցել է բողոքի ակցիա, որի մասնակիցները դժգոհ են խորհրդարանը տեղափոխելու մասին «Վրացական երազանք» իշխող կուսակցության ծրագրերից, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով «Նովոստի Վրաստան»-ին։
Քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչները ու մի շարք քաղաքացիներ հավաքվել էին Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում, որպեսզի քաղաքական շրջանակներին ո ւ հասարակայնությանը կոչ անեն միավորվել՝ խորհրդարանի տեղափոխման դեմ պայքարում։
Ընդդիմությունն ու հասարակության մի մասի վրդովմունքն է առաջացրել այն, որ իշխանությունները մտադիր են Սահմանադրության 48-րդ հոդվածում փոփոխություն անել՝ հանելով խորհրդարանի գտնվելու վայրի մասին գրառումը։ Հիմա այնտեղ Քութաիսին է գրանցված որպես խորհրդարանի գտնվելու վայր։
Այսօր նախաձեռնող խմբի անդամները Քութաիսիի փողոցներում թռուցիկներ էին բաժանում, կոչ անելով քաղաքացիներին միանալ մայիսի 2-ին խորհրդարանի շենքի մոտ ծրագրվող խոշոր բողոքի ակցիային։ Ցուցարարները նաեւ ստորագրահավաք են սկսել սահմանադրական փոփոխությունների դեմ։
Վրաստանի խորհրդարանի նոր շենքը Քութաիսիում կառուցվել է 2012-ին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու որոշմամբ։ Այստեղ է կառուցվել նաեւ կառավարության շենքը՝ արտագնա նիստերի համար, ծրագրված էր նաեւ խորհրդարանի պատգամավորների համար բնակելի համալիր կառուցել։