2024 թվականի ապրիլի 4-ից Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներ էին անցկացվում ռուսական ոճի «օտար ազդեցության թափանցիկության» օրենքի դեմ։ Չնայած հանրության ջանքերին՝ խորհրդարանը քվեարկեց երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատեց այսպես կոչված «ռուսական օրենքը»։ Այս օրենքը բացասաբար է անդրադառնում և սահմանափակում ազատ և անկախ լրատվամիջոցների աշխատանքը, և դա իր հերթին լուրջ խնդիրներ է ստեղծում Վրաստանի բնակչության համար։
Միշո Դարբաիձեն TOK-TV-ի մուլտիմեդիա լրագրող է։ NOR ռադիոյին տված հարցազրույցում Միշոն նշում է․
«Կառավարությունը քննադատական լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին վերաբերվում է որպես գլխացավանքի, քանի որ մենք այն ուժն ենք, որն ուսումնասիրում է նրանց աշխատանքը, ստուգում նրանց ֆինանսները և հետազոտության արդյունքները կիսում հանրության հետ: Հետաքրքիր է, ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է շահագրգռված լրատվամիջոցների ֆինանսավորմամբ և պատասխան չի ստացել»։
«Մենք, իսկապես, ոչ մի պատասխան չենք ստանում տեղական կամ կենտրոնական իշխանություններից այն հանրային տեղեկատվության վերաբերյալ, որը նրանք պարտավոր են տրամադրել օրենքով: Հատկապես մարզերում կարևոր է քննադատական լրատվամիջոցների գործունեությունը, քանի որ մենք այն մարդիկ ենք, ովքեր արտահայտում են բնակչության շահերը և լսելի դարձնում դրանք որոշում կայացնողների համար», – ասում է Միշա Դարբաիձեն:
«Ռուսական օրենքը» մեզ զրկում է այդ հնարավորությունից, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում բնակչության վրա, քանի որ, եթե խնդիրը չբացահայտվի, դրա լուծումը ամեն տարի կհետաձգվի, և մենք՝ որպես հասարակություն, դրա բազմաթիվ օրինակներ գիտենք»,- ասում է Միշո Դարբաիձեն։
Այս տարվա ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցեց «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը Վրաստանի խորհրդարանում, սակայն փոփոխված «Օտարերկրյա պետությունների շահերի մասին օրենք» անունով։ Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները դեմ են այս օրենքին և պնդում են, որ այն հակասում է Եվրամիության սկզբունքներին։
Այս օրենքի համաձայն՝ օտարերկրյա դոնորներից 20%-ից ավելի միջոցներ ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները ստիպված են գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը ներկայացնող կազմակերպություններ, հակառակ դեպքում՝ կտուգանվեն մինչև 25000 լարիի չափով՝ որպես գործակալ չգրանցվելու կամ ֆինանսական հաշվետվություն չտրամադրելու համար։ Սուբյեկտը պետք է 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով լրացնի հայտ՝ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևով և այն ներկայացնի գործակալություն։ Դիմում լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու համար ենթադրվում է 10000 լարիի չափով տուգանք: Նույն արարքի համար նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում իրավախախտումը կրկնելը առաջացնում է կրկին տուգանք 20 000 լարիի չափով։
Չնայած փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիներին, անկախ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր բողոքում էին այս օրենքի ընդունման դեմ, 2024-ի մայիսի 14-ին օրենքն ընդունվեց, իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց նաև Վրաստանի նախագահի վետոն:
Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի կառավարության անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը։ Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների դեմ։
Առավել մանրամասն լսեք NOR ռադիոյին տված TOK-TV մուլտիմեդիա լրագրող Միշա Դարբայիձեի հետ զրույցում․