Նոր խաբեություն՝ գումար շորթելու նպատակով

Նոր խաբեություն՝ գումար շորթելու նպատակով

Մի քանի օր է, ինչ սոցցանցերում ակտիվորեն տարածվում է խարդախության սխեմայի մասին տեղեկատվություն, ըստ որի` փորձում են մարդկանցից գումար շորթել։

Բոլոր դեպքերում սցենարը նման է. ռուսախոս մարդը զանգահարում է տան հեռախոսահամարով` հիմնականում տարեցներին և ասում, որ ընտանիքի անդամը վթարի է ենթարկվել, և պետք է գումար փոխանցել ձերբակալությունից խուսափելու համար։ Իրավիճակը պարզելու փորձերին հաջորդում են ազատազրկման հեռանկարի սպառնալիքները կամ մարդկային կյանք փրկելու մասին պնդումները. «Նախ` շտապ վիրահատության գումարը փոխանցեք, հետո մնացածը կիմանաք»։

Զանգողները հիմնականում ռուսախոս են։ Ուստի նրանց համար ռուսերենով շփումը նույնիսկ ընտանիքի անդամի հետ` կասկածի առիթ չէ։ Հատկապես, եթե զանգահարողն անձին դիմում է անունով կամ խոսում է ընտանիքի կոնկրետ անդամի անունից։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ խարդախները պատահաբար չեն զանգում արտասահմանյան համարներին, նրանք գիտեն, թե ով է լինելու իրենց թիրախը։

Հայտնի են նաև այլ դեպքեր. ռուսախոս մարդը լացակումած զանգում է և ասում, որ վթարի է ենթարկվել, մարմնական վնասվածքներ է ստացել և շտապ վիրահատության կարիք ունի, որի համար գումար չունի։ Եվ օգնություն է խնդրում։

Ամեն դեպքում շփումը քաոսային է՝ լաց, բղավոց, սպառնալիք, աղմուկ, անհասկանալի խոսակցություն և այլն։ Այդ խառնաշփոթի պատճառով մարդիկ դժվարանում են լավ հասկանալ պատմությունը և սկսում են անհանգստանալ իրենց ընտանիքի անդամների համար, որոնց մասին ասում են, որ վթարի են ենթարկվել և վտանգի տակ են:

ՆԳՆ-ից «Նեթգազետ» լրատվամիջոցին հայտնել են, որ հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով (խարդախություն)։ Այս փուլում գործակալությունը չի հստակեցնում, թե քանի մարդ է ոստիկանություն դիմել նմանատիպ դեպքի համար կամ արդյո՞ք որևէ մեկը հայտնի է որպես տուժող։

Մարդիկ, որոնց հետ զրուցել է լրատվամիջոցը, ոստիկանություն չեն դիմել, քանի որ չի հաջողվել նրանցից գումար շորթել, նաև պատճառաբանում են, որ արդյունավետ քննության հույս չունեն, քանի որ տան հետախոսահամարին հղված զանգերը չեն մուտքագրվում։

aliq.ge