Չեչիլ պանիրը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գրավականներից է: Այստեղ այն ամենապահանջված պանրի տեսակն է, հատկապես կանաչած վիճակում:
Տեղացիները չեչիլ պանիրը յուրահատուկ ձևով են պատրաստում և եթե պանիրը ճիշտ է պատրաստված ու պահպանված, ապա ձմեռային սեղաններին կբուրի չեչիլին բնորոշ յուրահատուկ հոտը: Բնակիչները ասում են, որ իրենց պատրաստած պանիրը տարբերվում է իր համով` ալպիական մարգագետիններից ստացված կաթի պատճառով։
Յուրօրինակ համ ու հոտով պանիրը գյուղերում հիմնականում պատրաստում էին տատիկները՝ թոնրի կամ օջախի վրա կաթը տաքացնելով։ Հիմա հայտնի պանրի պատրաստմամբ զբաղվում են նաև երիտասարդ կանայք (11 լիտր զտած ու անյուղ կաթից ստացվում է մեկ կիլոգրամ չեչիլ պանիր)։
Ասում են` հնում տեղացիները չեչիլ պանրի որակը ստուգելու համար շատ հետաքրքիր մեթոդ են ունեցել` թելահատը պետք է անցներ ասեղի անցքով։ Այսօր ժամանակակից աշխարհում պանրի պատրաստաման եղանակները փոփոխության են ենթարկվել։
Ամեն դեպքում պանրի այս տեսակը առանձնահատուկ պահանջարկ ունի, հատկապես, երբ մի քիչ սկսում է կանաչել։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տաքությունն է ընկնում, կամ պանիրը կճուճից հանելուց հետո տեղադրվում է տաք տեղում։
Չեչիլ պանիրը պահում, հնեցնում են հիմնականում կավե կճուճներում, կամ փայտե տակառներում։
Ավանդույթներով` սերնդե սերունդ փոխանցված չեչիլ պանիրը և պատրաստման եղսնակը այսօր գրավում է շատ զբոսաշրջիկների։ Բացի տեսքից ու համից պանրի այս տեսակի պատրաստման եղանակները նույնպես շատ են հետաքրքրում Եվրոպայից ու աշխարհի տարբեր տեղերից ժամանած զբոսաշրջիկներին։
«Ֆրանսիայից մեր տուն էին հյուրընկալվել զբոսաշրջիկներ։ Մենք նրանց հյուրասիրեցինք ավանդական տարբեր ուտեստներով և թխվածքներով, ինչպես նաև չեչիլ պանրով։ Նրանց բոլոր ուտեստները դուր եկան, սակայն նշեցին, որ ամենահամեղը չեչիլ պանիրն էր։ Նրանց դուր էր եկել ոչ միայն համը, այլև շատ էր հետաքրքրում դրա պատրաստման ավանդական եղանակները և գաղտնիքները»,- ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչուհի Զարուհի Քաշանյանը։
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
Զարուհին մեզ հետ զրույցում նշեց, որ չեչիլ պանիրը սկսել են պատրաստել 1950-ական թվականներից և դրա պատրաստումը դժվար աշխատանք է։ Պանրի պատրաստման ավանդական և տնական եղանակը իր տատիկից փոխանցվել է մայրիկին, մայրիկից էլ իրեն, սակայն նա մտավախություն ունի, որ մինչև 2030 թվականը նոր սերունդը այլևս չի զբաղվի չեչիլ պանրի պատրաստմամբ։
Դիտեք տեսանյութը.
Չեչիլ պանիրը պատրաստելու համար կատարվում են շատ և դժվար գործընթացներ։ Անարատ կաթի զտման արդյունքում ստացվում է ոչ միայն չեչիլ պանիրը այլև տարբեր տեսակի կաթնամթերք, որոնցից էլ տարբեր ուտեստներ։
Ստորև ներկայացնում ենք կաթնամթերքները և դրանցից պատրաստվող մի քանի տեսակի ուտեստներ.
Կարագ
Կարագ. Ինչպես են ստանում այն.
Չեչիլ պանիր պատրաստելու համար, կաթը զտում են և առանձնացնում են յուղային հատվածը։ Զտած կաթով պատրաստում են չեչիլը, իսկ յուղային մասը, որը կոչվում է թթվասեր` ստանում են կարագ։ Թթվասերը թողնում են մի քանի օր սառը տեղում, որպեսզի պատրաստ լինի դրանից ստանալ կարագ։ Մի քանի օրից այն լցնում են փայտից պատրաստված խնոցու մեջ և հարում են, մոտ 20 րոպե ձեռքով հարելուց հետո ստացվում է տնական կարագ։ Այնուհետև կարագը հալում են հատուկ ավանդական եղանակով և ստացվում է տնական յուղը, որը բնակիչները հիմնականում օգտագործում են ձմռանը։
Կարագից ստացված յուղը
Ճմուռ
Յուղից պատրաստված ճմուռ։ Սա ևս ավանդական ուտեստ է։ Յուղի մեջ մանրում են հացը և ուտում։ Այն օգտագործել են հին ժամանակներում։
Թանով ապուր
Խնոցու մեջ թթվասերը հարելու ընթացքում առանձնանում է ջրային հատվածը, որը կոչվում է թան։ Թանից տեղացիները պատրաստում են ավանդական թանով ապուրը, որը ևս շատ համեղ է։
Հայկական ավանդական գաթա, որը պատրաստում են կարագի հալման ընթացքում յուղի փրփուրից, այն կոչում են թանիչք։
Թանիչք