Սահմանվել է 2024-2025թթ․ ուսումնական տարում պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսման վարձն ամբողջությամբ ֆինանսավորվող համալսարաններն ու բաժինները, սակայն «1+4» ծրագիրն ավարտած ուսանողները չեն կարող անվճար սովորել:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հայտարարվում են անվճար տեղեր, որտեղ ընդունվելու դեպքում ուսանողն ազատվում է ուսման վճարից, բայց այն ուսանողը, ով համալսարան է ընդունվել «1+4» ծրագրով և չի ստացել դրամաշնորհ, անկախ բաժնից և համալսարանից պետք է վճարի մեկ ուս տարվա համար սահմանված 2 250 լարի վարձավճարը, որը ինչպես շատ ուսանողների, այնպես էլ հենց «1+4» ծրագրի ղեկավարի համար խտրական վերաբերմունք է:
Թբիլիսիի պետական համալսարանի վրացերեն բանասիրությունն այն բաժիններից է, որը շատ անգամ անվճար բաժինների ցանկում է հայտնվում։ Ընդգծենք, որ ազգությամբ հայերն այս բաժին շատ են ընդունվում։ Նրանցից է 21-ամյա Լուսինե Սկոյանը, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղից է։ Նա 2020 թվականին ավարտել է գյուղի հանրակրթական դպրոցը և ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրս՝ նույն «1+4» կրթական ծրագիրը։ Լուսինեն հիմա 4-րդ կուրսում է սովորում:
Ասում է՝ միայն երկրորդ կուրսում է իմացել, որ վրաց բանասիրությունը լրիվ անվճար է իր սովորած համալսարանում։
«Երբ վրացի համակուրսեցիներիս հետ զրուցում էի, զարմացա ու հարց առաջացավ՝ ինչո՞ւ է նրանց համար այս բաժինն անվճար, իսկ ես ստիպված եմ վճարել, հետո ավելի ուշ իմացա հարցիս պատասխանը, որը շատ հիասթափեցնող էր։ Պատճառն այն էր, որ այդ հնարավորությունը վերաբերում է միայն այն ուսանողներին, ովքեր հանձնելով ազգային քննություններ, ընդունվել են առաջին կուրս, իսկ «1+4» ծրագրի շրջանավարտները զրկված են այդ հնարավորությունից: Կարծում եմ, որ դա շատ անարդար է ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Նախ շատերը հնարավորություն չունեն վճարովի համակարգով սովորելու և երկրորդ՝ կարծում եմ, որ բոլոր ուսանողները պետք է ունենան հավասար իրավունքներ։ Սա խտրականություն է։ Իմ խնդրանքն է՝ վերանայել այս հարցը և դրական լուծում տալ», – մեզ հետ զրույցում նշում է Լուսինեն։
Jnews-ը այս թեմայով խոսել է նաև «1+4» ծրագիրը Վրաստանում երկար տարիներ ղեկավարած Կախա Գաբունիայի հետ, ով նույնպես գտնում է, որ անարդար է ուսանողին զրկել անվճար բաժնում սովորելու հնարավորությունից, միայն այն պատճառով, որ նա «1+4» ծրագրով է ընդունվել համալսարան:
«Ես միշտ եղել եմ այս օրենքի դեմ և անարդար եմ համարել այս վերաբերմունքը։ «1+4» ծրագրի գործելուց առ այսօր ես բոլոր հարմար առիթներին շեշտել եմ, որ դա անարդարություն է, սակայն ոչ մի արդյունք դեռևս չունենք։ Այս պահին ես ղեկավարում եմ ԹՊՀ-ի երկլեզու կրթության բաժինը, որը նույնպես անվճար է, բայց այդտեղ սովորող «1+4» ծրագրի բոլոր շրջանավարտները վճարովի համակարգով են շարունակում իրենց կրթությունը: Հույս ունեմ, որ ապագայում որևէ բան կփոխվի այս առումով», – հավելում է Կախա Գաբունիան:
2024-2025 ուս տարվա այսպես կոչված անվճար ֆակուլտետների ցանկին, ըստ բուհերի՝ կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով։
Ընդգծենք, որ «1+4» կրթական ծրագիրը Վրաստանում ներդրվել է 2010-2011 ուսումնական տարում՝ հատուկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Առաջին տարում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի բարեհաջող ավարտ) ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունն իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու: