Վրաստանից կամ Իրանից ավտոմեքենայով, ավտոբուսով կամ գնացքով Հայաստան ժամանողները օգոստոսի 19-ից սկսած առանց հավելյալ մաքսատուրք վճարելու շատ ավելի քիչ ապրանք կարող են բերել՝ առավելագույնը 500 եվրոյից շեմն իջեցվել է մինչև 200 եվրո, քաշն էլ 25 կիլոգրամի փոխարեն 10 կգ է սահմանվել։
Նոր կարգավորումները վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներից ցամաքային ճանապարհով բերվող ապրանքներին։ Կառավարությունից վստահեցնում են՝ օգտագործված ու մաշված անձնական ապրանքները չեն հարկելու։
Շեմը գերազանցելու դեպքում պետք է վճարել ավելացած մասի 15 տոկոսի չափով գումար. օրինակ՝ 500 եվրոյի ապրանք բերելու դեպքում կհանվի 200-ը, կհարկվի մնացած 300-ը, ինչը կկազմի 45 եվրո:
«Իրերին հո բան չեն ասելու, հիմա ես վաղը չէ մյուս օրը գնում եմ Բաթումի՝ ընտանիքովս հանգստանալու, ի՞նչ պիտի ասեն, իմ անձնական իրերն են լինելու, էլի». – Հովհաննես Գրիգորյանը հաճախ է Վրաստան գնում-գալիս, տարիներ առաջ տան համար լվացքի փոշի էր բերում, որովհետև էժան էր, հիմա էլ պատահում է՝ մի քանի շիշ խմիչք վերցնի։ Ասում է՝ մինչ այս խնդիրներ չեն եղել, անխոչընդոտ սահմանն անցել է. – «Ես դեռ չեմ հանդիպել ինչ-որ խոչընդոտի, ու ամեն ինչ էլ շատ հանգիստ, արագ, ասենք, շատ-շատ կարող է մեկ էլ, ասենք, մաքսատանը, եթե ցերեկով գաս, հերթ լինի»:
Շեշտակի փոփոխությունը ոչ Եվրասիական տնտեսական միության որոշումն է, ոչ էլ որևէ այլ միջպետական օրենքով է պայմանավորված։ Հենց այստեղ՝ Երևանում են որոշել՝ կտրուկ խստացման են գնում, հիմնավորում են՝ պատճառը հնարավոր չարաշահումներն են՝ ստվերային շրջանառությունը. մարդիկ սահմանը պարբերաբար անցնում են, մինչև 500 եվրոյի ապրանքով վերադառնում ու դրանք այստեղ վաճառքի հանում:
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ռիսկային ապրանքների ցանկն է թվարկել. – «Հագուստ, կոշիկ, ավտոպահեստամասեր, քսայուղեր, լվացքի փոշի և սանիտարահիգիենիկ պարագաներ (տակդիրներ և այլն), Վրաստանի Հանրապետության անմաքս առևտրի խանութներից ձեռքբերված ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ»:
Մաքսային ծառայողները հաշվել են՝ այս տարվա առաջին կեսին որպես անձնական օգտագործման ապրանք ներմուծվել է ավելի քան 16 հազար լիտր ալկոհոլային խմիչք։
Պետական եկամուտների կոմիտեն առանց անուններ տալու դեպքերից մեկն է ներկայացնում. նույն ընտանիքի անդամները անձնականի անվան տակ երկու տարում գրեթե 2 տոննա ապրանք են բերել։
Հարկայինը հայտարարում է՝ գիտեն ում են ստուգելու:
«Դա չի տարածվում նաև ձեր վրա և իմ վրա, եթե մենք գնանք, օրինակ, ցամաքային կետով՝ Բագրատաշենով, անցնենք Վրաստան, մեր կարիքների համար որոշակի իրեր առնենք և հետ գանք: Բայց մենք ինչ ենք նկատում՝ մենք նկատում ենք հետևյալ տենդենցը՝ օրինակ, Թուրքիայից՝ հիմնականում Թուրքիայից, բերում են հագուստ՝ բիզնես նպատակներով, և փորձում են այս արտոնությունը, որ նախատեսված է իմ, ձեր և Ջավախքի մեր հայրենակիցների համար, օգտագործել առևտրային նպատակներով», – լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը:
Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ զուտ անձնական ապրանքներ բերող հայաստանցիների նկատմամբ «տոտալ հսկողություն» չեն սահմանի. – «Դուք մեր տեսադաշտում չեք հայտնվի ուղղակի»:
Այս նոր խստացումը միայն ցամաքային սահմանահատումներին է վերաբերում։
Այս տարի ավելի վաղ օնլայն առևտրի շեմն իջեցվեց. նախկին մոտ 450 եվրոյի փոխարեն այժմ առանց հավելյալ վճարների հնարավոր է միայն 200 եվրոյի ապրանք պատվիրել։ Այդ փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ կարգավորումներով էր պայմանավորված։