Կարտոֆիլի նոր հիվանդություն Նինոծմինդայի մունիցիպալիտետում. Ի՞նչ է սա

Կարտոֆիլի նոր հիվանդություն Նինոծմինդայի մունիցիպալիտետում. Ի՞նչ է սա

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մշտական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են, սակայն երկու դեպքում էլ կան բազմաթիվ դժվարություններ ու բնակիչները մշտապես զգում են այդ դժվարությունները։

Հիմանական զբաղմունքներից մեկը համարվում է կարտոֆիլագործությունը։ Ինչպես նշում են բնակիչները, այս տարի կարտոֆիլի բերքը լավ է, բայց հետագայում ինչ դժվարությունների առաջ կկանգնեն արտահանման առումով դեռևս անհայտ է, և ոչ մի օգնող ձեռք չկա։

«Կարտոֆիլի բերքը այս տարի շատ լավ է, արդեն մի քանի անգամ հանում ենք հողից` օգտագործելու համար։ Կտրատելու ժամանակ ականատես եղանք արտասովոր դեպքի, կարտոֆիլի մեջ նկատում ենք հիվանդություն, որը առաջին անգամն է հանդիպում։ Նման երևույթ առաջին անգամն եմ տեսնում»,-ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը։

Մեր այն հարցին, թե միգուցե թունաքիմիկատների օգտագործումն եք չարաշահել, կամ ոչ ճիշտ ձևով եք դրանք օգտագործել, բնակիչը նշեց, որ կարտոֆիլը տան պայմաններում օգագործելու համար են մշակել և թունաքիմիկատներից միայն օգտագործել են ժուկի համար նախատեսված դեղորայքը, այն էլ օգտագործել են ոչ սերմի հետ, այլ ցողել են կարտոֆիլի թփերի վրա։

«Ազոտ էլ երբևէ չենք օգտագործել և այս հողը կարելի է ասել ամբողջությամբ առողջ է»,-նշեց բնակիչը։

Ի՞նչ հիվանդություն է սա

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հողի որակի և դրանում քիմիական նյութերի առկայության մոնիթորինգ և լաբորատոր ուսումնասիրություն երբևէ չի կատարվում և համապատասխան ծառայություն չկա։

NOR ռադիոկայանը փորձեց համացանցից գտնել այս հիվանդության անվանումը և պատճառները։

Ախտանիշներ

Կարտոֆիլի պալարների ներսում վարդագույն կամ մանուշակագույն օղակաձև հատված կամ բծեր: Վարդագույն գույնը կարող է տարբեր լինել պայծառությամբ: Երբեմն գունավորումը ամբողջությամբ տարածվում է ներսում: Դեղին կեղևով կարտոֆիլի որոշ տեսակներ արտաքինից նույնպես կարող են վարդագույն երևալ:

Ի՞նչն է գունավորման առաջացման պատճառը

Կարտոֆիլի պալարներում վարդագույն գունավորումը, որը հայտնի է որպես անտոցիանային պիգմենտացիա, կարող է առաջանալ մի քանի պատճառներով: Որոշ սորտերի մեջ այս վարդագույն գույնը հայտնվում է, երբ կարտոֆիլը վարակվում է Potato Leaf Roll վիրուսով: Այս պիգմենտացիայի վրա կարող են ազդել նաև շրջակա միջավայրի պայմանները: Օրինակ՝ լույսի ազդեցությունը, հատկապես մակերևույթի մոտ գտնվող պալարների համար, ցուրտ գիշերների և տաք օրերի փոխարինումը կամ աճը չոր կամ ազոտով հարուստ հողում:

Ի՞նչպես պայքարել այս հիվանդության դեմ, ի՞նչ միջոցներ ձեռնարկել, հարցեր, որոնք պատասխան չունեն և ժողովրդին պատշաճ կերպով իրազեկում չի իրականացվում, մշակաբույսերի հետ աշխատելու համապատասխան տեղեկություն չկա և ոչ մի թրեյնինգներ չեն անցկացվում։