Օգոստոսի 30-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում «Սայաթ Նովա» աշուղական երգերի համույթը և «Փարվանա» պարային համույթը, ինչպես նաև երգուսույց Հայաստան Իսպիրյանը և պարուսույց Լուսինե Մզիկյանը պարգևատրվեցին դիպլոմներով։ Պարգևատրումը կատարեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի, մշակույթի, կրթության բաժնի պետ Լևոն Վարդանյանը։
«Այս ամառը լեփ լեցուն էր հետաքրքիր փառատոններով և շրջագայություններով։ Հուլիս ամսից դուրս ենք եկել դեպի Եվրոպա, մասնակցել ենք միջազգային փառատոնի, որտեղ ունեցել ենք նաև էքսկուրսիաներ Ստամբուլում, Աթենքում, «Փարվանա» և «Սայաթ Նովա» անսամբլների հետ։ Եղել են բազում հահաջողություններ, ծանոթություն համաշխարհային մշակույթի հետ, որը մեծ փորձ է տալիս երեխաներին»,-NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց պարուսույց Լուսինե Մզիկյանը։
Այն հարցին, թե ինչքան՞ով է կարևոր այսպիսի մշակութային փառատոնները մեր մունիցիպալիտետի համար, Լուսինե Մզիկյանը պատասխանեց. «Ազգությունը ճանաչում են կրոնով, կրթությունով և մշակույթով, ամենակարևորը այն է, որ մենք աշխարհով մեկ պետք է տարածենք մեր ով լինելը և ապրելով Վրաստանի հանրապետությունում մենք ներկայացնում ենք մեր հայկական մշակույթը»։
NOR ռադիոկայանը զրուցեց նաև երգչուհի Հայաստան Իսպիրյանի հետ.
«Մեր համերգային ծրագիրը շատ է։ Համերգային ծրագրով 8 հոգի մասնակցել է Եվրոպայում կայացած փառատոնին, որից մեծ հաջողություններով ենք վերադարձել։ Շրջագայություն ենք ունեցել նաև Դիլիջանում, որը ոչ մրցակցային փառատոն էր, սակայն այնտեղից էլ վերադարձանք դիպլոոմներով և մեդալներով։ Մեր սաները ներկայացան նաև Քոբուլեթիում կայանալիք փառատոնին 5 սաներով, այստեղից նունպես պատվով վերադարձան։ Մոտակա ժամանակներս Երևանում ևս կա երգի փառատոն, որին պատրաստվում են մասնակցել խմբերը»,- ասաց Հայաստան Իսպիրյանը:
Նշենք, որ մշակութային կյանքը Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերջին տարիներին շատ ակտիվ է, և Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը և մշակութային գործիչները ամեն ինչ անում են մշակույթը զարգացնելու և տարածելու ուղղությամբ։