Եթե 2025-ին օտարերկրյա քաղաքացին պատրաստվում է Ռուսաստանում տարեկան ընդհանուր 30 օրից ավելի գտնվել, ապա պարտավոր է լոյալության համաձայնագիր ստորագրել:
Դրանով նա պարտավորվում է չխախտել այդ երկրի օրենսդրությունը, հարգել նրանց ավանդույթները, Հայրենական պատերազմի մասին չխոսել, չհայտնել այլ կարծիք, քան այդ պահին ընդունված է երկրում: Նաև պարտավորվում է չչարաշահել Ռուսաստանի պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը: Այսինքն՝ եթե օրինակ՝ ոստիկանը միգրանտին բաժանմունք է տանում որոշ հարցեր ճշտելու համար կամ մուտքի ապօրինի արգելք է դնում, նա այլևս չի կարողանա ոստիկանի այդ գործողությունները դատարանում բողոքարկել:
Թե ինչո՞ւ, բացատրում է միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ու հավելում՝ սա միգրատներին վերաբերող ՌԴ-ի հերթական խստացումներն են. – «Որովհետև դա կհամարվի, որ տվյալ անձը չարաշահում է իր իրավունքը՝ ՌԴ պետական ծառայողի գործողությունները բողոքարկելու»։
Այս խստացումների շարքում գործելու է նաև «վերահսկվող գտնվելու ռեժիմ» հասկացությունը՝ եթե միգրանտը հաշվառվի այլ հասցեում, բայց բնակվի այլ վայրում, ապա անգամ տնից դուրս գալ չի կարող առանց ոստիկանի թույլտվության, հակառակ դեպքում մինչև 1 տարվա ազատազրկման կենթարկվի։
Այս ռեժիմի տակ կարող են ընկնել նաև բոլոր նրանք, որոնք կասկածվում են միգրացիոն օրենսդրության խախտման, քրեական հանցագործություն կատարելու մեջ կամ վարակիչ հիվանդություն կարող են ունենալ, կամ էլ գործատուն կանխավճարով չի վճարել նրա հարկերը, անգամ եթե ինքը չգիտի։
«Եթե ինքը կանխավճարով չվճարի այս հարկերը, միգրանտը կհայտնվի այդ վերահսկվող գտնվելու ռեժիմի տակ։ Միգրանտը կարող է ոստիկանի որոշմամբ վտարվել երկրից, նույնիսկ առանց դատարանի որոշման», – նշեց Տաթևիկ Բեժանյանը։
Նա բացատրում է, եթե օրինակ՝ ՀՀ քաղաքացին աշխատելու նպատակով է գնում Ռուսաստան, ապա երկիր մուտք գործելուց սկսած 30 օրվա ընթացքում 4 գործողություն պետք է անի: Նախ պետք է հաշվառվի այն հասցեում, որտեղ իրականում ապրելու է, հետո տվյալ տարածքի պոլիկլինիկայում 9 հիվանդությունների բուժզննում անցնի, եթե օրինակ՝ պարզվի, որ ՄԻԱՎ կամ վարակիչ այլ հիվանդություն ունի, կարող է ցմահ արտաքսվել: Հետո պոլիկլինիկայի տեղեկանքը պետք է ներկայացնի իր հաշվառման միգրացիոն ծառայություն, այնտեղ էլ հանձնի մատնահետք ու լուսանկարվի, այս ամենից հետո կստանա մատնահետքի քարտ: Վերջին քայլով էլ պետք է գործատուի հետ պայմանագիր կնքի: Նախատեսվում է նաև օտարերկրացի աշխատողների ու նրանց վարձող գործատուների ռեեստր հիմնել։
«Եթե գործատուն կվարձի օտարերկրյա աշխատողի, պարտավոր է դեռևս չաշխատած մեկ ամսվա համար վճարել իր աշխատողի համար բոլոր հարկերը», – ասաց նա։
Բժշկական այս ստուգումների համար, ի դեպ, միգրանտը պետք է վճարի: Միգրացիոն փորձագետը հիշեցնում է՝ այս ամենին զուգահեռ Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն տալու կարգը, բայց անձնագիրը ստանալու պահից նաև զինվորական հաշվառման է կանգնում անձը:
«Երկիրը դեմոգրաֆիկ խնդիր ունի, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմն է խնդիրը էականորեն խորացրել, կարծում եմ՝ փորձում են այս տարբերակով լուծումներ գտնել», – նկատեց նա։
Միգրացիոն փորձագետի կարծիքով՝ Հայստանը պետք է իր միգրանտներին աջակցելու համար միգրացիոն հոսքերը դիվերսիֆիկացնի, կա՛մ ՌԴ-ում նրանց աջակցող կցորդներ ունենա, կա՛մ այլ երկրներում աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների հետ համագործակցի։
Հղում անելով պաշտոնական թվերին՝ Բեժանյանն ասում է՝ միայն 2022-ին աշխատելու նպատակով Ռուսաստան է գնացել ավելի քան 332 հազար ՀՀ քաղաքացի։ 2023-ին այս թիվը թեև նվազել է՝ հասնելով 234 հազար 541-ի, այդուհանդերձ ըստ նրա՝ հայաստանցի միգրանտների ավելի քան 90 տոկոսը հենց Ռուսաստան են մեկնում: 45 հազար ՀՀ քաղաքացի էլ այս պահին այդ երկիր մուտքի արգելք ունի:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում