Բյուջե գյուղի և «Երազանքի» համակիրների համար- Ո՞ւմ է տվել Ադիգենիի քաղաքապետարանը 1,5 մլն լարի

Բյուջե գյուղի և «Երազանքի» համակիրների համար- Ո՞ւմ է տվել Ադիգենիի քաղաքապետարանը 1,5 մլն լարի

Վերջին հինգ տարում Ադիգենիի քաղաքապետարանում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ծախսվել է ավելի քան 4,5 մլն լարի։ Դրանից առնվազն 1,5 մլն լարին ուղղակի գնումների միջոցով ստացել են Ադիգենի քաղաքապետարանի և իրավաբանական անձանց աշխատակիցները կամ նրանց հարազատները, ինչպես նաև «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձինք։

2019-2024 թվականներին Ադիգենի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ կատարել է 278 նախագծաշինարարական գնում, թեև մրցույթի է դրվել միայն 17-ը, իսկ մնացածին՝ պարզեցված եղանակով կատարվել է ուղղակի գնում։ Ինչը նշանակում է, որ քաղաքապետարանն ինքն է ընտրել անհատ ձեռներեցին կամ ՍՊԸ-ին, որը կոնկրետ գյուղերում ծրագրեր է իրականացնելու։

Պարզվել է, որ Ադիգենիի քաղաքապետարանը շատ դեպքերում, անմիջական եղանակով պայմանագրեր է կնքել միևնույն անձանց հետ։ Այս նախագծի շրջանակներում հինգ տարվա ընթացքում միայն մեկ անհատ ձեռներեց իրականացրել է 17 ծրագիր, մյուսները նրանից ետ են մնում՝ 13, 10 և ավելի քիչ գնումներով։ Սակայն, բացի այս նախագծերից, քաղաքապետարանի հայտարարած այլ մրցույթներում և պարզեցված գնումներում նույն մարդիկ են շահում։

«Հարավային դարպասը» հետաքրքրվել է, թե Ադիգենեիի քաղաքապետարանը կոնկրետ ում հետ է պայմանագրեր կնքում և վերջապես ում է գնում «Գյուղի աջակցության ծրագրով» պետբյուջեից հատկացված գումարը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղի աջակցության ծրագիրը:

«Գյուղական աջակցության ծրագիրը» վրացական բնակավայրերում ֆինանսավորում է փոքր ենթակառուցվածքային նախագծերը։ Դրա նպատակն է, որ բնակչությունը համաձայնության գա գյուղի խնդիրների շուրջ և պետբյուջեից հատկացվող գումարները ծախսի ըստ իրենց կարիքների։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն է որոշում, թե կոնկրետ գյուղի բնակիչների թվին համամասնորեն որքան գումար է հատկացվելու յուրաքանչյուր գյուղին։

Գումարը հետևյալ սկզբունքով 1 հաշվվում․

Մինչև 200 բնակիչ ունեցող բնակավայրին հատկացվում է 10 000 լարի;

▪201 – մինչև 400 հոգի՝ 12 000 լարի;

▪401 – մինչև 1000 մարդ՝ 16 000 լարի;

▪1 000-ից ավելի մարդ՝ 20 000 լարի։

Բացի այդ, կոնկրետ ծրագրի իրականացման համար տեղական ինքնակառավարումը և օտարերկրյա/դոնոր կազմակերպությունը կարող են գումարներ ավելացնել, թեև համաֆինանսավորման չափը չպետք է գերազանցի կոնկրետ ծրագրի համար հիմնադրամից հատկացված գումարի 100 տոկոսը։

Նախքան ծրագրի իրականացումը անհրաժեշտ է տեղեկացնել բնակավայրի բնակիչներին և անցկացնել ընդհանուր ժողով, որտեղ պետք է ընտրվի լուծվող խնդիրը։ Նման հանդիպման անցկացումը գյուղում պետք է ապահովի քաղաքաապետը։

Գյուղում խնդրի քննարկումը սկսելու համար անհրաժեշտ է, որ հանդիպմանը մասնակցի գյուղի գրանցված բնակիչների 20 տոկոսը։
Հանդիպմանը բնակիչները նշում են մի քանի խնդիրներ, որոնք իրենք ցանկանում են առաջինը լուծել։ Մասնակիցների մեծամասնության կողմից պետք է ընտրվի մեկ նախագիծ, որն այնուհետև կմշակվի քաղաքապետարանի կողմից և կներկայացվի քաղաքային խորհրդի հաստատմանը` նախահաշվային արժեքի հետ միասին: Հանդիպմանը անհրաժեշտ է կազմել արձանագրություն։

Ծրագրի հիմնական էությունն այն է, որ բնակչությունն ինքը որոշի, թե ինչ խնդիր է ուզում լուծել և ինչպես տնօրինել իր գումարները։

Գումարների նպատակային եւ արդյունավետ օգտագործման պատասխանատվությունը կրում է համապատասխան քաղաքապետարանը։ Ծրագրերի առաջընթացի և իրականացման ընդհանուր համակարգումն ու մոնիտորինգն իրականացնում է նախարարությունը։ Ծրագրի առաջընթացի և իրականացման վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի Վրաստանի կառավարությանը։

Մրցույթի փոխարեն ուղղակի գնումներ

Ծրագիրը թարմացվել է 2019 թվականին և տարեկան բյուջեն կազմում է 40 միլիոն լարի։ Վերջին հինգ տարիներին (2019-2024 թթ.) «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ծրագրերի իրականացման համար քաղաքապետարանները պայմանագրերը կնքում են պարզեցված, այսպես կոչված, ուղղակի գնման տարբերակով, ինչը այս թեմայով հետաքրքրված վերլուծաբանների կարծիքով՝ կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, քանի որ այս դեպքում կապալառուն չի ընտրվում թափանցիկ, մրցակցային ճանապարհով, այլ՝ քաղաքապետարանն ինքն է ընտրում անհատ ձեռներեցին կամ ընկերությանը, ում կհանձնի գյուղին հատկացված գումարը աշխատանքները կատարելու համար։

«Քաղաքապետարանների մակարդակում նման մասշտաբով պարզեցված գնումների կիրառումը նվազեցնում է թափանցիկությունն ու մրցակցությունը, հետևաբար մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, այս որոշմամբ պետությունը հրաժարվում է մրցակցային ընթացակարգերի պոտենցիալ առավելություններից, ինչպիսիք են միջոցների խնայողությունը և պետական գնումներում մարզային փոքր և միջին բիզնեսի ներգրավումը խրախուսելը»,- կարդում ենք ԹԻ-ի հրապարակած հոդվածում (բլոգում)։

Թե ինչ չափանիշներով է քաղաքապետարանն ընտրում կոնկրետ ընկերություն կամ անհատ ձեռներեց, հայտնի չէ։

Պետական գնումների գործակալության տվյալներով՝ ծրագրերերի պարզեցված գնումով իրականացումը կապված է այն բանի հետ, որ կոնկրետ աշխատանքների համար գումարը փոքր է, և հաճախ ընկերությունները հրաժարվում են մասնակցել մրցույթին, իսկ նախագծերը մնում են անավարտ։

«Պետք է հաշվի առնել, որ առանձին-առանձին գնվելիք օբյեկտների փոքր ծավալի ու արժեքի պատճառով միշտ մեծ է հավանականությունը, որ այդ մրցույթներն ավարտվեն անարդյունք, ինչն էլ իր հերթին կբերի ծրագրի իրականացման ժամկետների կտրուկ ավելացման եւ դրանց թերությամբ իրականացմանը»: [Միջազգային թափանցիկություն- Վրաստան]

Ադիգենիի քաղաքապետարան

2019 թվականից «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ադիգենիի քաղաքապետարանը նույնպես նման ուղղակի եղանակով է կնքում պայմանագրերը՝ բնակավայրերում իրականացվելիք աշխատանքների համար։

«Հարավային դարպաս»-ը ուսումնասիրել է ծրագրի շրջանակներում պարզեցված գնումների միջոցով Ադիգենիի քաղաքապետարանի կողմից 2019-2024 թվականներին կնքված բոլոր պայմանագրերը՝ քաղաքապետարանի բոլոր գյուղերում։

Պարզվել է, որ ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից ընտրված անհատ ձեռներեցները կամ ՍՊԸ-ները շատ դեպքերում ուղղակի կամ անուղղակի կապ ունեն «Վրացական երազանք»-ի կամ տեղական ինքնակառավարման հետ։

Ըստ մեր հաշված գնումների՝ հինգ տարվա ընթացքում Ադիգենիի 55 բնակավայրերում աշխատանք են կատարել 6 ՍՊԸ-ներ և 21 անհատ ձեռներեցներ։

Պայմանագրերի մեծ մասը կնքվել են հետևյալ անձանց հետ.

Ռամազի Կաճկաճաշվիլի

Մինչ «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում քաղաքապետարանի յուրաքանչյուր գյուղում տարեկան պետք է իրականացվի միայն մեկ ծրագիր, անհատ ձեռնարկատեր Ռամազի Կաճկաճաշվիլին հինգ տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում իրականացրել է ամենաշատ ծրագիրը՝ 17 ծրագիր։

Ընդհանուր առմամբ, հինգ տարում Ռամազ Կաճկաճաշվիլին Ադիգենիի քաղաքապետարանից միայն «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ստացել է ավելի քան 340 600 լարի, այսինքն՝ տարեկան միջինը ավելի քան 68 100 լարի։ Սակայն, բացի սրանից, նա նույն քաղաքապետարանում կատարել է այլ շինարարական մրցույթներ նույնպես։

Ռամազ Կաճկաճաշվիլիի փեսան (դստեր ամուսինը) Պավլե Զազաշվիլին և նրա ընտանիքը 2012 թվականից «Վրացական երազանքի» կողմնակիցներն են։ Բացի այդ, Պավլե Զազաշվիլիին է պատկանում «Սամցխե 2022» ՍՊԸ-ի 33 տոկոս բաժնեմասը, որի մյուս բաժնետերերը՝ Լաշա Ճաղիաշվիլին (34%) և Թենգիզ Թաթեշվիլին (33%) «Վրացական երազանք»-ի դոնորներ են։ Միաժամանակ Թենգիզ Տաթեշվիլին «W/M Investment» ՍՊԸ-ի տնօրենն է, որի 25 տոկոս բաժնեմասը պատկանում է Սամցխեի մեծամասնության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի «Գլոբալ Ինվեստմենթ» ՍՊԸ-ին։

Հենց այս ընկերությունն է՝ «Օցխե 2022» ՍՊԸ-ն ապօրինի գնել է Աբասթումանիի 19-րդ դարի մշակութային ժառանգության հուշարձանը։

Մեկնաբանության համար զանգահարեցինք Ռամազ Կաճկաճաշվիլիին, մրցութային փաստաթղթերում նշված համարով, սակայն նա ասաց, որ չի կարող խոսել. «Ինձ հարմար չէ, ես մեքենա եմ վարում»։

Լուսանկարը՝ Ռամազ Կաճկաճաշվիլին և նրա փեսան՝ Պավլե Զազաշվիլին

Ջեմալի Քիմաձե

Ջեմալի Քիմաձեն չորս նախագծերով հետ է մնում Ռամազ Կաճկաճաշվիլիից, ով հինգ տարվա ընթացքում Ադիգենիի գյուղերում իրականացրել է 13 ծրագիր և ստացել ավելի քան 195 400 լարի, այսինքն՝ տարեկան ստացել է ավելի քան 39 000 լարի։

Ջեմալի Քիմաձեն Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեի եղբայրն է։ Սակայն նշված 13 գնումները նա ստացել է 2019-2020 թվականներին՝ Ադիգենի Զաքարիա Էնդելաձեի քաղաքապետության օրոք, այսինքն՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերը՝ մինչև նրա եղբայր Գոչա Քիմաձեի Ադիգենիի քաղաքապետ դառնալը։ 2021 թվականի մայիսին՝ վերջին գնումն ավարտելուց 4 ամիս անց, 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ջեմալ Քիմաձեն նշանակվել է «Ադիգենի բարելավման և մաքրման ծառայության» տնօրեն։ Դրանից հետո նա այլևս չի ստացել Ադիգենիի քաղաքապետարանի գնումները, թեև նրան փոխարինել է որդին՝ Ջումբեր Քիմաձեն։

Չնայած այն հանգամանքին, որ Ջեմալ Քիմաձեն այլևս չի զբաղվում պետական գնումներով, Ադիգենիի երկու գյուղերում՝ Մեծ և Փոքր Սմադայում, մեզ ասացին, որ անցյալ տարի Ջեմալ Քիմաձեն կատարել է այստեղ հրապարակի կազմակերպման աշխատանքները։ Ինչը նա մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց և ասաց, որ երբեմն հետաքրքրվածության համար զննում է կառուցվող օբյեկտները. «Ես ի՞նչ ընդհանուր գործ ունեմ Սմադայի հրապարակի հետ։ Չեմ կարո՞ղ շինարարության ընթացքում անցնել իմ գործառնական տարածքով: Ուղղակի անցել դարձել եմ։ Ես չեմ արել այս հրապարակը։ Հիմա ի՞նչ եք ինձ հարցնում, հարցնում եք մաքրության ծառայության տնօրենին հրապարակ արել է թե, ո՞չ։ Ես գիտեմ, թե ինչն է ձեզ հետաքրքրում։ Ես գնում եմ բացարձակապես ամեն գյուղ, օգնում եմ բոլորին, դա իմ գործունեության ոլորտն է, քանի որ այնտեղ աղբամաններ ունեմ, մեքենաներս այնտեղ են գործում, փողոցի լույսեր ունեմ… Եվ ամեն օր ստիպված եմ գրեթե ամեն գյուղ մտնել։ Նաև կառուցվող օբյեկտներն եմ ուսումնասիրում, հետաքրքրվում եմ ու նայում։ Ինչ է չի՞ կարելի»: – հարցնում է Քիմաձեն։

Ջումբերի Քիմաձե

Ջումբեր Քիմաձեն, ով Ջեմալ Քիմաձեի որդին և հետևաբար՝ Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեի եղբորորդին է, Ադիգենիի քաղաքապետարանի աջակցությամբ «Գյուղական աջակցության ծրագրի» շրջանակներում 7 պայմանագիր է կնքել։ Ընդհանուր առմամբ, Ջումբերը Ադիգենիի քաղաքապետարանից ստացել է ավելի քան 103 400 լարի, այսինքն՝ տարեկան ավելի քան 20 600 լարի։

Բացի այդ, «Հարավային դարպասի» կողմից ուսումնասիրված մրցութային փաստաթղթերի համաձայն, անհատ ձեռնարկատեր Ֆրիդոն Թաթոշվիլիի անունով ստորագրված 261 068 լարիի 13 գնումներում նշված է Ջումբեր Քիմաձեի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ «Հարավային դարպաս»-ին Ֆրիդոն Թաթոշվիլիի անունով փաստաթղթում նշված համարով պատասխանել է հենց Ջուբա Քիմաձեն։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի փոխանցմամբ՝ 2021 թվականի հունիսից օգոստոս երեք ամսում Ադիգենիի քաղաքապետարանը 103 829 լարիով 7 ուղղակի գնում է ստորագրել «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ի տնօրեն Ջեմալ Քիմաձեի որդու հետ։ Մինչ այդ երկու տարվա ընթացքում Ջումբեր Քիմաձեն տեղական քաղաքապետարանից ստացել էր ընդամենը երկու ուղղակի գնում՝ 9949 լարիի չափով։

«Ես քաղաքապետի եղբոր տղան եմ, բայց այս պայմանագրերի ստորագրման ժամանակ, հորեղբայրս քաղաքապետ չէր։ Ի՞նչ կապ ունի թե ես քանի պայմանագիր եմ կնքել քաղաքապետարանի հետ. Հորեղբորս քաղաքապետ դառնալուց հետո, ինձ հետ կապված ոչ մի պայմանագիր չեք կարողանա արձանագրել»։

Ջումբեր Քիմաձեի անունը չի հայտնվում Ադիգենեիի գնումներում, թեև պարզվեց, որ նա մասնակցում է Ֆրիդոն Թաթոշվիլիի անունից վերցված մրցույթներին։ Դա հաստատում է նաև ինքը՝ Ջումբեր Քիմաձեն։ Դրան ավելանում է այն, որ Ֆրիդոն Թաթոշվիլիի 13 տենդերների վրա նշված է Ջումբեր Քիմաձեի հեռախոսահամարը, իսկ մեկ գնման դեպքում նշվում է նաև Քիմաձեի էլեկտրոնային փոստի հասցեն։

Հարցին, թե ինչու է նրա համարը նշված անհատ ձեռներեց Ֆրիդոն Թաթոշվիլիի կողմից Ադիգենի քաղաքապետարանից ստացված բոլոր գնման պայմանագրերում, Ջումբեր Քիմաձեն պատասխանել է, որ երկուսն էլ նույն համարն ունեն. «Ֆրիդոն Թաթոշվիլին ունի այս համարը, և մենք երկուսս էլ օգտագործում ենք այն։ Ես Ֆրիդոն Թաթոշվիլիի ներկայացուցիչն եմ»։ Հարցին՝ թե կոնկրետ ինչ է անում նա որպես Թաթոշվիլիի ներկայացուցիչ, պատասխանում է․ «Ես աշխատանքի եմ ընդունվել նրա կողմից, կապված նշվածի հետ օգնություն եմ ցուցաբերում, ինչպես կառավարման տեսքով, եթե ունի այս ամենը… Եթե Ֆրիդոն Թաթոշվիլին ինչ-որ բանի կարիք ունի՝ հսկողությանը ուշադրություն դարձնելու, մենք աշխատանքի ենք ընդունված նրա կողմից և ի՞նչ դժգոհություններ կան այս առումով։ Ես մրցույթներ չեմ ընդունում, քանի որ դրա իրավունքը չունեմ»,- ասել է Ջումբեր Քիմաձեն։

Ֆրիդոն Թաթոշվիլի

Ինչպես քաղաքապետի եղբայրը, այնպես էլ Ֆրիդոն Թաթոշվիլին ծրագրի շրջանակներում 13 մրցույթ է ավարտել։ Թաթոշվիլին Ուդեի քաղաքապետի ներկայացուցիչ Շոթա Կուլջանիշվիլիի քեռին է։ Շոթա Կուլջանիշվիլին Ուդե գյուղի հոգաբարձու է նշանակվել 2022թվականին։ Հենց նույն թվականին է նրա քեռին՝ Ֆրիդոն Թաթոշվիլին գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և սկսել մասնակցել Ադիգենիի քաղաքապետարանի մրցույթներին։

Ընդհանուր առմամբ, Ֆրիդոն Թաթոշվիլին Ադիգենիի քաղաքապետարանից միայն այս ծրագրի շրջանակներում 2022-2024 թվականներին ստացել է 261 068 լարի։ Նաև 2023 թվականին որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Շոթա Կուլջանիշվիլիի զոնքաջը՝ Նանուլի Ափրիամաշվիլին, ով Ադիգենիի քաղաքապետարանի հետ 2023-2024 թվականներին 4 պարզեցված գնում է ստորագրել։ Այս գնումների մեջ չի եղել «գյուղի աջակցության ծրագիրը», սակայն 2023 թվականի նոյեմբերին Նանուլի Ափրիամաշվիլին 38 000 լարիի մրցույթով վերականգնել է Ուդե գյուղի վարչակազմը, այսինքն՝ կազմակերպել է այն շենքը, որտեղ իր փեսան է աշխատում [NAT230020835]:

Ֆրիդոն Թաթոշվիլիի փոխարեն մրցութային փաստաթղթերում նշված համարին պատասխանեց Ջումբեր Քիմաձեն։

Իոսեբ Աբուլաձե

«Գյուղի աջակցություն» ծրագրի շրջանակներում ուղղակիորեն մրցույթներ է ստանում նաև Ուդե գյուղի հոգաբարձուի օգնականը։ Իոսեբ Աբուլաձեն քաղաքապետարանի աշխատակից է և միևնույն ժամանակ ստանում է Ադիգենի քաղաքապետարանի գնումները։ Վերջին հինգ տարում նա հինգ ծրագիր է իրականացրել։ Աշխատանքներ է իրականացրել Ուդե գյուղում, ինչպես նաև իր համայնքի մաս կազմող Զազալո գյուղում։ Ընդհանուր առմամբ Աբուլաձեն վերցրել է ավելի քան 87 300 լարի՝ միջինը տարեկան 17 460 լարի։

Իոսեբ Աբուլաձեն մեր հարցը լսելուց հետո ասաց. «Ժամանակ չունեմ, կոմբայնի վրա եմ և չեմ լսում ձեզ»։

Բադրի Վաշակմաձե

Աբուլաձեի նման Բադրի Վաշակմաձեն նույնպես աշխատում է քաղաքապետարանում և մասնակցում քաղաքապետարանի գնումներին։ 2021 թվականից Ադիգենի քաղաքապետարանի խորհրդի անդամ է, միաժամանակ խորհրդում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահն է։

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Բադրի Վաշակմաձեի հետ Ադիգենիի քաղաքապետարանը պարզեցված կարգով ստորագրել է հինգ գնում՝ 45 000 լարի ընդհանուր արժեքով։

2021 թվականի հուլիսին ստացված վերջին երկու գնումներից երեք ամիս անց Բադրի Վաշակմաձեն ընդունվել է Ադիգենի քաղաքային խորհուրդ՝ որպես «Վրացական երազանքի» պատգամավոր։ Այդ ժամանակվանից նրա որդին՝ Նուգզար Վաշակմաձեն է շարունակում մասնակցել պետական գնումներին։

Բադրի Վաշակմաձեն այն պատգամավորների ցուցակում է, ովքեր խախտումներով են լրացրել գույքի հայտարարագիրը։ ԹԻ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ներկայացված գույքի հայտարարագրի համաձայն՝ նա անհատ ձեռնարկատեր է, ինչը հակակոռուպցիոն օրենքի խախտում է։ Ադիգենիի քաղաքխորհրդում գտնվելու ընթացքում, 2021 թվականին Ադիգենիի քաղաքապետարանի 2 ուղղակի գնումներից ստացել է 25 000 լարի։

Վաշակմաձեն իր հայտարարագրում նշում է նաև, որ իր որդին՝ Նուգզար Վաշակմաձեն, գրանցված է որպես ձեռնարկատեր, թեև թաքցնում է իր եկամուտը և գրում է, որ 2022 թվականին Նուգզար Վաշակմաձեի եկամուտը կազմել է 0 լարի, մինչդեռ Նուգզար Վաշակմաձեն նույն թվականին Ադիգենի քաղաքապետարանի հետ կնքված 4 ուղղակի գնումներով ստացել է 43 430 լարի։ Ընդհանուր առմամբ, պատգամավորի ընտանիքը 2 տարում Ադիգենի քաղաքապետարանից ստացել է 68 430 լարի։

Ըստ նույն հայտարարագրի՝ Բադրի Վաշակմաձեն «Նամինաուրի» կոոպերատիվի տնօրենն է։ Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի որևէ այլ պաշտոն զբաղեցնել որևէ պետական հիմնարկում կամ մասնավոր իրավաբանական անձում։

«Վերջին հինգ տարիներին ես ընդհանրապես ձեռներեց չեմ, ես դադարեցրել եմ իմ ձեռնարկատիրությունը։ Նման գնումներ կատարելիս ես ավագանու անդամ չէի լինի, 2021-ի հոկտեմբերին ընտրություններ են եղել ու դա ավելի շուտ է արվել, իսկ եթե նույնիսկ առնեի, ապա ի՞նչ։ Շահերի բախում չկա, դուք եք ստեղծում շահերի բախում»,- մեզ հետ զրույցում ասաց Բադրի Վաշակմաձեն։

Մամուկա Գելաշվիլի

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում տասը ծրագիր է իրականացրել անհատ ձեռներեց Մամուկա Գելաշվիլին, ով Ադիգենի քաղաքապետարանի «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»՝ Ադիգենի մարզադպրոցի աշխատակից է։

Միաժամանակ Մամուկա Գելաշվիլին «Վրացական երազանքի» ակտիվ կողմնակիցն է։ Նա միայն այս նախագծի շրջանակներում Ադիգենիի քաղաքապետարանից վերցրել է ավելի քան 170 500 լարի, այսինքն՝ տարեկան միջինը 34 110 լարի։

Հեռախոսազրույցի ընթացքում Մամուկա Գելաշվիլին հաստատեց, որ իսկապես աշխատում է Ադիգենի «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ում, սակայն մրցույթների հետ կապված հարցից հետո առանց պատասխանելու անջատեց հեռախոսը։
Լուսանկարը՝ Մամուկա Գելաշվիլին Սոզար Սուբարի հետ

Լելա Սուլամանիձե

Ադիգենյան գնումների քանակով անհատ ձեռներեց Լելա Սուլամանիձեն ցուցակի չորրորդ տեղում է։ Միայն «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացրել է 11 ծրագիր՝ գրեթե այնքան, որքան քաղաքապետի եղբայրն ու նրա որդին։
Ընդհանուր առմամբ Սուլամանիձեն ստացրել է ավելի քան 96 800 լարի։ Սակայն սա միայն այս ծրագրի շրջանակներում է։ Ադիգենիի քաղաքապետարանի հայտարարած այլ մրցույթներում վերջին հինգ տարում նա ստացել է մինչեւ 300 հազար լարի։ Մրցույթներին մասնակցել է նաեւ նրա ամուսինը՝ Ռատի Ակոփովը, ով Ադիգենիի քաղաքապետարանից 5 տարվա ընթացքում մրցույթներով ստացել է մինչեւ 30 հազար լարի։

Սուլամանիձեի Ադիգենիի քաղաքապետարանից ստացած 11 ուղղակի գնումներից 4 դեպքում նրա վստահելի անձը Վաժա Կավթելաձեն է (նախկինում՝ Ակոֆով), ով Սուլամանիձեի սկեսրայրն է։ Սուլամանիձեի սկեսուրը՝ Մզիա Ճիղլաձեն, «Վրացական երազանք»-ի կողմնակից է և մասնակցում է «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության կազմակերպած միջոցառումներին։

Սուլամանիձեի դիրքորոշումը ճշտելու համար «Հարավային դարպասը» կապ հաստատեց նրա հետ, ով մեզ ասաց, որ իր անունը պարզապես օգտագործվում է, իսկ իրականում տենդերները ստացել է մեկ ուրիշը. «Իմ անունը ուղղակի որպես անուն է նշվում, թե չէ էդ ամենը չէի անի, սկեսրայրս էր զբաղվում, հիմա էլ չի զբաղվում»։

Հարցին, թե ինչու սկեսրայրը` Վաժա Կավթելաձեն, մրցույթները իր անունով չի ստացել, նա պատասխանում է. «Ինչ-ինչ պատճառներով նա չէր կարողանում վերցնել իր անունով։ Իմ սկեսրայրը արհեստավոր է և ամեն ինչ անում է։ Նա տարիներ շարունակ ապրում է Ադիգենիում, վստահելի մարդ է և նրան վստահում են»,- ասում է Սուլամանիձեն։
Լուսանկարը՝ Վաժա Կավթելաձե (Ակոփով), Մզիա Չիգլաձե և Լելա Սուլամանիձե

Ադիգենիի քաղաքապետարանի փաստարկը

Մեր կողմից նշված անձինք անհատ ձեռներեցներ են, որոնք առանձնանում են գնումների մեծ քանակով և միևնույն ժամանակ կապ ունեն «Վրացական երազանքի» և Ադիգենի քաղաքապետարանի հետ։ Սակայն սա ցուցակի միայն մեկ մասն է։

Ուշադրություն է հրավիրվում նաև այն փաստի վրա, որ գրեթե ամեն տարի այդ մարդիկ գնումներ են ստանում, և անհասկանալի է, թե կոնկրետ անհատ ձեռներեց/ընկերություն ընտրելիս ինչ գնահատման համակարգով է առաջնորդվում քաղաքապետարանը։ Այս հարցով դիմեցինք Ադիգենիի քաղաքապետարան և ուղարկեցինք այն անհատ ձեռնարկատերերի և ՍՊԸ-ների անուն-ազգանունները, որոնք անընդհատ մրցույթներ են անում։ Քաղաքապետարանի կողմից ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Ձեր կողմից ներկայացված կազմակերպությունները, որոնք «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում կատարել և/կամ կատարում են շինարարական աշխատանքներ, ընտրվում են անմիջապես գյուղական բնակչության կողմից՝ հաշվի առնելով շինարարական կազմակերպությունների փորձը, իրավասությունը և պատասխանատվությունը։

Ինչ վերաբերում է «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման գնումն ավարտած և/կամ ավարտող կազմակերպություններին, գրավոր ծանուցումներ են ուղարկվում շրջանի տեղական կազմակերպություններին քաղաքապետարանի կողմից նախատեսվող նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատրաստման վերաբերյալ, ըստ այդմ, պայմանագրեր են կնքվում բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնում իրենց ներկայացրած առաջարկություններին համապատասխան պատրաստել նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթեր»,- գրված է քաղաքապետարանի կողմից ուղարկված գրության մեջ։

Արդյո՞ք բնակչությունն է ընտրում շինարարական ընկերություններին և որքանո՞վ են գյուղերում աշխատանքները կատարվել, պարզելու համար այցելեցինք Ադիգենի քաղաքապետարանի գյուղեր։

Ում և ինչ են ընտրում մարդիկ

Ադիգենիի քաղաքապետարանի Փոքր Սմադա գյուղում 2022 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում առաջնահերթություն է ընտրվել հրապարակի կառուցումը։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ աշխատանքները պարզեցված գնումների միջոցով ստանձնել է Ֆրիդոն Թաթոշվիլին։ Սակայն այս հրապարակի կառուցումն առաջնահերթ էր թե՛ 2022-ին, թե՛ 2023-ին։

2022 թվականի նախագծի համաձայն՝ Թաթոշվիլիի 16 000 լարի արժողության աշխատանքը ներառում էր.

– Գրունտի մշակում տեղում;

– 20 սմ հողային ծածկույթի կազմակերպում;

– ՌՔ-ի բետոնե կոնստրուկցիաների կազմակերպում/

– քարե պատի կազմակերպում;

– քարե սալերի դասավորություն;

– մետաղական կոնստրուկցիայի տեղադրում։

Ընդունման-հանձնման ակտի համաձայն՝ Թաթոշվիլին կատարել է իր վրա դրված պարտականությունը և համապատասխան փոխհատուցում ստացել 2022թվականին։

Այնուամենայնիվ, 2023 թվականին նույն գյուղում կրկին առաջնահերթ է ընտրվել հրապարակի կազմակերպման աշխատանքները, և նախագծային փաստաթղթերում գրվել են ճիշտ նույն պահանջները, որոնք՝ 2022թվականին։

«Ադիգենիի քաղաքապետարանի Փոքր Սմադա գյուղի հրապարակի կազմակերպման նախագիծը ներառում է.

I. Գրունտի մշակում տեղում

II. 20 սմ հաստությամբ բարձի դասավորություն.

III. Բետոնե կոնստրուկցիայի կազմակերպում

IV. Քարե պատի կազմակերպում

V. Քարե սալիկի դասավորություն

VI. Մետաղական կոնստրուկցիաների տեղադրում»։

Այս անգամ գնման գումարը կրկնապատկվել է և սահմանվել 30 000 լարի, և որպես կատարող կրկին ընտրվել է Ֆրիդոն (Ֆեդիա) Թաթոշվիլին, ով աշխատանքներն ավարտել է 2023 թվականին եւ վերցրել ավելի քան 30 000 լարի։
Մենք այցելեցինք Փոքր Սմադա գյուղ՝ պարզելու, թե ինչ է արել Ֆրիդոն Թաթոշվիլին տեղում և ինչու է չորս տարի պահանջվել հրապարակը կազմակերպելու համար։

Գյուղի կենտրոնում իսկապես կար նորակառույց հրապարակը։ Քարե պատերով, պատերի երկայնքով շարված աթոռներով։ Խճապատ տարածքում այլ բան չկա, ներառյալ ոչ ստվեր, ոչ ճոճանակներ կամ որևէ այլ զվարճանք:

Հրապարակի մոտ տեղադրված էր տաղավար, որտեղ, ինչպես տեղացիները պատմեցին, հավաքվում են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները։ Ըստ նրանց՝ հրապարակից օգտվել չեն կարող, քանի որ երեխաների համար նախատեսված ժամանցի վայր չկա, տարեցների համար՝ ստվեր, իսկ տաղավարում երիտասարդները նախընտրում են թուղթ խաղալ։

«Ոչինչ չի արվել, միայն աթոռներ կան, ինչպե՞ս օգտագործենք դրանք: Երեխաները սղարան են ուզում, ճոճանակ, ինչ-որ բան… Մենք ավելի հաճախ ենք գնում «բիրժա», ոչ թե այնտեղ»,- ասում է Գոչա Սախամբերիձեն։

Ո՛չ Սախամբերիձեն, ո՛չ նրա համագյուղացի Գիորգի Ցուխիշվիլին չգիտեն, թե ով է կատարել հրապարակի կառուցումը, ավելին, ասում են, որ ընդհանրապես չեն ճանաչում շինարար Ֆրիդոն (Ֆեդիա) Թաթոշվիլիին, հետևաբար՝ շինարարին նրանք չեն ընտրել։

Հարցին, թե գյուղի ժողովին եղե՞լ են, երբ հրապարակի դասավորությունն ընտրվել է որպես առաջնահերթություն, հիշում են, որ չեն եղել, քանի որ հաճախ նման հանդիպումներին մասնակցում են միայն տարեցները։

Գյուղում բնակվող Ռաժդեն Տկեմալաձեն ասում է, որ պարբերաբար մասնակցում է ծրագրի շրջանակներում անցկացվող գյուղական ժողովներին։ Հարցին, թե ով է ընտրել հրապարակի կառուցումը, պատասխանում է․ «Ամեն գյուղում անում են, այստեղ էլ են արել, չգիտեմ…»։

Նրա խոսքով՝ ամեն տարի շինարարին ընտրում է Ադիգենիի քաղաքապետարանը, և այս դեպքում էլ է այդպես եղել. «Այս հրապարակը Բոլաջուրեցին է սարքել, պատգամավորի եղբայրն է, բայց դեռ ավարտված չէ… երեւի կգեղեցկացնեն… Երիտասարդները մտնում են, մենք՝ ոչ, երեւի գիշերը, թե չէ էս շոգին ոչ ոք չի մտնի էնտեղ, ծառ չկա, ոչինչ… չգիտեմ երբ կավարտվի, երեւի կվերջացնեն»։

Ե՞րբ են ավարտելու 2022 թվականին սկսված հրապարակը, որի կազմակերպման համար արդեն ծախսվել է ավելի քան 45 000 լարի, պարզելու համար զանգահարեցինք մրցութային փաստաթղթերում նշված հեռախոսահամարով։ Փաստաթղթերում նշված էր, որ համարը պատկանում է Ֆրիդոն Թաթոշվիլիին։ Երբ զանգահարեցինք, պարզվեց, որ Ադիգենիի քաղաքապետի եղբոր որդին՝ Ջումբեր Քիմաձեն է պատասխանողը և մեզ նա պատմեց աշխատանքների մասին.

«Հրապարակի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, սակայն այն ամբողջությամբ ավարտված չէ։ Դա արվել է գյուղի ծրագրով, աշխատանքներն իրականացվում են փուլերով, ամեն տարի։ Ավարտեցինք այն, ինչ ես պետք է ավարտեի: Որքան գիտեմ, հաջորդ տարի նախատեսվում է տեղադրել ատրակցիոններ։ Առաջին փուլում ավարտվել է պատի աշխատանքների կեսը, երկրորդ փուլում՝ մյուս կեսը։ Գյուղին հատկացված գումարը ծախսվել է»,- մեզ հետ զրույցում ասաց Ջումբեր Քիմաձեն և անջատեց հեռախոսը։

Մեծ Սմադա

Մեծ Սմադայում անցած հինգ տարիներին առաջնահերթ խնդիր է եղել ոռոգման ջրի ջրանցքի և արտաքին լուսավորության կազմակերպումը։ Սակայն տեղի բնակիչների մի մասը կարծում է, որ գյուղի համար հատկացված գումարով քաղաքապետարանը հաճախ անում է ավելի քիչ կարևոր գործեր։

Ըստ իրենց պարզաբանումների՝ բնակելի թաղամասերից մեկում ցանկացել են մեկ կիլոմետրանոց ճանապարհ կառուցել, և այս հարցը ներկայացրել են որպես առաջնահերթություն «Գյուղի աջակցության ծրագրում», սակայն խնդիրը չի լուծվել ո՛չ ծրագրով, ո՛չ առանց դրա։

«Մեր բնակավայրի ջուրը ծնկներիս է հասնում։ Ես 70 տարեկան կին եմ ու ինչքան հիշում եմ այս ճանապարհն եմ խնդրում, մարզպետներից ոչ մեկը մեզ թույլտվություն չի տվել, ասելով՝ փող չկա։ Մենք գյուղի ժողովին մասնակցել ենք, ասվեց, որ այս ճանապարհը պետք է կառուցվի, հետո փոխեցին՝ այս սղարանը [մանկական հրապարակը] սարքեցին։ Ինքը՝ մարզպետը, մեզ ասաց, որ ժողովուրդը հրաժարվել է և ճոճանակներ է ուզել։ Ճոճանակի կառուցման վայրում 3 երեխա կա, ոչ ավել, իսկ այս տարածքում ևս 3 երեխա, այս գյուղում այլևս երեխա չունենք։ Մենք հոգնել ենք այս ճանապարհից, չէ որ այս ճանապարհը միանում է կենտրոնական ճանապարհին։ Ես դիմել եմ բոլոր մարզպետներին. Երբեմն ասում էին, որ դուք արտերում եք ապրում, երբեմն ասում էին, որ փող չկա», – ասում է Մեծ Սմադայի բնակչուհի Լիանա Խարշիլաձեն։ Նրա խոսքով, որպիսղի անձրեւի ժամանակ կարողանային հասնել տուն, հարեւաններն իրենք են հավաքել 20-20 լարի վառելանյութ, ապա կենտրոնական ճանապարհին փռված երկրորդական ասֆալտը, որի փոխարեն նորն են կառուցում, տարել և փռել են այդ տարածքում, թեև խնդիրը ժամանակավորապես է լուծվել։

«Այստեղ 10-15 բնակիչ ունենք ու բոլորս միասին ասում ենք, որ ճանապարհ ենք ուզում, նաեւ խմելու ջուր»։

Գյուղը խմելու ջրի խնդիր ունի, սակայն այս հարցը «Գյուղի օգնության ծրագրում» ներառված չի եղել։ Այստեղ՝ 2019, 2020, 2021 թվականներին՝ 3 անգամ առաջնահերթություն է տրվել նույն հարցին՝ ոռոգման ջրի ջրանցքի կազմակերպմանը, իսկ 2022 թվականին առաջնահերթ է ընտրվել 2023 թվականի արտաքին լուսավորությունը։

Արտաքին լուսավորության երկու նախագծերն էլ իրականացրել է Ֆրիդոն Թաթոշվիլին, իսկ
ոռոգման ջրանցքի երեք ծրագիրը՝ հայր և որդի Ջեմալը և Ջումբեր Քիմաձեները:

Ոռոգման ջրանցքի կազմակերպումն արժեցել է ավելի քան 37 700 լարի, թեև գյուղում ասում են, որ այս հարցում դեռ խնդիր ունեն։


«Գյուղում հաճախ է ժողով լինում։ Մարզպետն է գալիս և մեզ հայտնում։ Մի 10-12 գյուղացի ենք հաճախում, բայց կեսը ցանկանում են մի բան անել, մյուս կեսը՝ այլ բան: Ոռոգման ջուրը ժողովրդի ընտրությունն էր, բայց չկարողացան մինչև վերջ անել։ Ջրհորում ինչ որ բան տըրաքվել և փչացել է, այժմ այն նորից վերականգնման կարիք ունի։ Չգիտեմ՝ ում ընկերությունն էր, «բուլդոզերով» էին եկել։ Կարտոֆիլը մեկ անգամ եմ ջրել այս տարի, ջրհորը վնասված է, վերանորոգող չկա։ Այստեղ նաև խմելու ջրի պակաս կա։ Այս պահին օղու պես գալիս է, բայց վերեւում շատ ջուր է կորչում, ասում են՝ կանենք»,- ասում է Օմար Ձինձիբաձեն։

Ճելա

Ադիգենիի Ճելա գյուղում, «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում 2019 և 2020 թվականներին երկու անգամ առաջնահերթություն է ընտրվել արտաքին լուսավորությունը։ Այստեղ մարդիկ ասում են, որ հարցն իսկապես ընտրվել է գյուղի ժողովում։

«Կենտրոնական ճանապարհի արտաքին լուսավորությունը տեղադրել է պետությունը, իսկ թաղամասերում՝ գյուղի ծրագիրը։ Մենք չենք ընտրել, թե ով զբաղվի այդ գործով, որքան գիտեմ՝ մրցույթով է եղել ու այնտեղից է ընտրվել»,- ասում է Ճելայի բնակիչ Գուրամ Սուրմանիձեն։

Ճելայում արտաքին լուսավորության կազմակերպման աշխատանքները երկու անգամ կատարել է անհատ ձեռներեց Նանուլի Շանթաձեն՝ ընդհանուր գումարը կազմել է գրեթե 24 000 լարի։ Շանթաձեի այլ գնումներ չեն գրանցվել։ Նա Ռոին Աբուլաձեի մայրն է, ով ղեկավարում է Ադիգենի մեծամասնության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի գրասենյակը և պարբերաբար մասնակցում Ադիգենի քաղաքային խորհրդի նիստերին։

ფოტო:სამცხის დეპუტატი, ანტონ ობოლაშვილი და როინ აბულაძე
Լուսանկարը` Սամցխեի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին և Ռոին Աբուլաձեն

Ճեճլա

Ճելայի հարեւանությամբ գտնվող Ճեճլա գյուղում խմելու ջրի հարցը երեք անգամ է դարձել առաջնահերթություն։ Այստեղ գնումներ են կնքվել ՝ 2020 թվականին՝ խմելու ջրի ցանցի կազմակերպման համար, (պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2022 թվականը), 2021 թվականին՝ խմելու ջրի ցանցի վերականգնում (պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2023 թվականը), 2023 թվականին՝ խմելու ջրի հիմնական օբյեկտի վերականգնում։
Աշխատանքները կատարվել են երեք անգամ տարբեր անհատ ձեռներեցների կողմից՝ ընդհանուր՝ 27 000 լարի արժողությամբ։ Այնուամենայնիվ, գյուղի համար խմելու ջուրը դեռևս խնդիր է։

«Այո, արվել է, բայց ամեն ամառ մեր ջուրը կտրվում է, այս գարնանը նույնպես կտրվել էր, վերանորոգում էին։ Այստեղ ջուրը հիմնականում սարից են բերում, խնդիրն էլ վերեւում է, մի բան փչանում է»,-ասում է Ռոլի Մգելաձեն։ Հարցին, արդյո՞ք ինքը մասնակցում է այն ժողովներին, որտեղ ընտրվում է գյուղում լուծվող հարցը, նա պատասխանում է, որ չի մասնակցում.

«Մենք՝ կանայք, հազվադեպ ենք գնում, հիմնականում տղամարդիկ են հաճախում նման հանդիպումների։ Կանանց ջանքերից մեկն էլ այն էր, որ մենք ուզում էինք պարուսույց բերել գյուղ, քանի որ երեխաները շատ են, և մենք ուզում էինք դրա համար դահլիճ սարքել։
Մենք ունենք շենք՝ հին հարսանյաց սրահը, որը ոչ ոք ոչ մի բանի համար չի օգտագործում, ոչինչ չպետք է վճարեինք դրա համար, և ուզում էինք այն վերածել մշակույթի տան, բայց չստացվեց»,- նրա պարզաբանմամբ՝ գյուղում մանկապարտեզ կամ ժամանցի հրապարակ չունեն։

Ճեճլայում բնակվող Ջամբուլ Շավաձեն անձամբ է եղել խմելու ջրի խնդիրը ներկայացնելու հանդիպմանը։ Նա ասում է, որ բնակավայրում շատ բան են ուզում անել, բայց խմելու ջուրն առաջինն է, դրա համար էլ գումարը ծախսվում է դրա վրա.

«Խմելու ջրի խնդիր միշտ ունենք, քանի որ սկզբում լավ չէր արվել, հիմա էլ աստիճանաբար շտկում ենք։ Այդքան գումար չկար, և ոչ ոք այդ գործը լավ չի արել»,- հիշում է Ջամբուլը։

Բացի խմելու ջրից, Ճեճլա գյուղում 2019 և 2020 թվականներին երկու անգամ առաջնահերթություն է ընտրվել ներքին ճանապարհների կառուցումը, իսկ 2022 թվականին գյուղում մեկ քրիստոնեական և երկու մահմեդական գերեզմանատան ցանկապատումը։

Արդյունքը

Վերջին հինգ տարում միայն «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ադիգենի քաղաքապետարանն իր աջակիցներին՝ «Վրացական երազանքի» ակտիվիստներին և քաղաքապետարանում աշխատող անձանց/նրանց հարազատներին, ՝ պարզեցված գնումների միջոցով տվել է առնվազն 1,5 մլն լարի։

Այն, որ «Գյուղի աջակցության ծրագրի» պարզեցված գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այդ մասին խոսում են մի քանի կազմակերպությունների հետազոտողներ։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի փոխանցմամբ՝ նման պարզեցված եղանակով երկրի 54 քաղաքապետարաններ ամեն տարի մի քանի հազար նախագիծ են գնում, որոնք հաստատվում են Վրաստանի կառավարության և պետական գնումների գործակալության կողմից։

«Մրցակցային ընթացակարգերի համեմատ պարզեցված գնումները միշտ կոռուպցիոն ռիսկի բարձրացում են պարունակում, քանի որ դրա օգտագործման ընթացքում ընկերությունը ընտրվում է ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։Գնորդները շատ ավելի հավանական է, որ ընտրեն ընկերություններ՝ հիմնվելով գնի և որակի այլ չափանիշների վրա, որոնք պոտենցիալ անարդար կամ անօրինական են: Պարզեցված գնման ժամանակ մեծանում է նաև թաքնված գործարքների ռիսկը։

Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում ամեն տարի 40 միլիոնանոց մի քանի հազար պայմանագրեր ծախսելու կառավարության և պետական գնումների գործակալության որոշումը այս կերպ կարելի է որակել որպես անօրինական, ինչպես նաև անպատասխանատու և կոռուպցիա խրախուսող»։