Դժվար է պատկերացնել ավելի ֆանտաստիկ գետ, քան Կանիո Կրիստալեսը (Caño Cristales), որը հոսում է Կոլումբիայում։ Այն անվանում են «Աստվածների գետ», «լուծված ծիածան», իսկ ոմանք կարծում են, որ հենց նա է արժանի կրելու աշխարհի ամենագեղեցիկ գետի կոչումը:
«Caño» բառը պատահական չէ, որ համահունչ է «կանիոն/կիրճ» բառի հետ, քանի որ Կոլումբիայում այդպես են կոչում լեռնային տեղանքով հոսող փոքր գետերին, որոնք առաջացնում են ոչ խորը կանիոններ լեռնային ապարների մեջ:
Գետը հայտնաբերվել է համեմատաբար վերջերս՝ 1989 թվականին, հայտնի էկոլոգ, լուսանկարիչ և վայրի բնության պահպանության մասնագետ Հուրտադո Գարսիայի կողմից:
Այս գետի ջրերը կարող են գունավորված լինել վեց տարբեր գույներով, ինչը նրան լիովին կախարդական տեսք է հաղորդում։ Ջրի կապույտ գույնը ապահովվում է երկնքի արտացոլանքից, սպիտակը ապահովում են փրփրացող ջրվեժները, իսկ սևը՝ հումինային թթուները, որոնք առաջանում են մեծ քանակությամբ տերևների և ծառաբների՝ ջրի մեջ հայտնվելու հետևանքով: Ջրի կանաչ, դեղին և կարմիր գույներն ապահովում են ջրային բուսականութունը։ Եվ եթե կանաչավուն ու դեղին երանգները մեծ զարմանք չեն առաջացնում, ապա կարմիր գույնը գլխավոր հաղթաթուղթն է, որը գետին յուրահատուկ տեսք է հաղորդում։
Գետում կարմրության «մեղավորը» Macarenia clavigera ջրային բույսն է, որը սակավաջրության ժամանակահատվածում վերածվում է ինտենսիվ կարմիր, իսկ երբեմն էլ՝ մանուշակագույն գույնի։
Ուշագրավ է նաև գետի հատակի ձևը, որը կազմված է խառնարաններ հիշեցնող «կաթսաներից»։ Նրանց ծագումը բավականին հետաքրքիր է։ Սկզբում գետը լվանում է մի փոքրիկ կարստային իջվածք, խորացում։
Այնուհետև ջուրը դրա մեջ է բերում ավելի կարծր ապարների մի փոքրիկ կտոր, որը բավական ծանր է, որպեսզի դուրս չգա անցքից, բայց նաև բավականաչափ թեթև է, որպեսզի ջրի հոսանքները պտտեն դրան ներսում: Տարիների ընթացքում նա հղկում է ամբողջական «կաթսաներ» և ջրհորներ, մինչև ինքն է մաշվում այն չափի հասնելով, որ գետը կարող է նրան տանել ավելի հեռու: Երբեմն նման «հատիչներ» ջրհորի մեջ կարող են ընկնել մի քանի հատ, և որքան մեծ է կաթսան, այնքան ավելի արագ է այն ընդարձակվում դրա մեջ ընկած կարծր ապարների կտորներով։
Չնայած այն հանգամանքին, որ գետը հոսում է արևադարձային երկրում, դրանում գործնականում ձուկ չկա, քանի որ հոսանքը թույլ չի տալիս հատակային նստվածքներին կուտակվել և պայմաններ ստեղծել օրգանիզմների բարդ համակեցությունների առաջացման համար, որոնք ձկներին որպես կեր կծառայեին: Փոխանցում է armlur-ը։