«Դա-Տենե»-ն նախատեսում է Վրաստանում էլեկտրամոբիլների համար 300 արագ լիցքավորիչ տեղադրել, BPN-ին հայտնել է ընկերության հիմնադիր Դավիթ Շվանգիրաձեն։
Ծրագրում կներդրվի 1,3 մլն դոլար։ Ինչպես պարզաբանել են ընկերությունից, առաջին լիցքավորիչները երկիր կժամանեն այս ամսվա վերջին։ Հոկտեմբերից նախատեսվում է գործարկել հավելված, որը թույլ կտա օգտատերերին գտնել լիցքավորիչների գտնվելու վայրը։
«Առաջին փուլում երկրի ողջ տարածքում կտեղադրվեն 300 արագ լիցքավորիչներ, ամսվա վերջին Վրաստան կներմուծվեն մեկուկես մեգավատ հզորությամբ լիցքավորիչներ, հոկտեմբերի սկզբին հավելվածը կգործարկվի, իսկ հաճախորդները կկարողանան իրենց մեքենաները լիցքավորել արագ լիցքավորիչներով»,- նշել է Դավիթ Շվանգիրաձեն։
Լիցքավորիչների հզորությունը կկազմի 60 կիլովատից մինչև 240 կիլովատ։ Ինչպես նշել է Շվանգիրաձեն, նախատեսվում է արագ լիցքավորիչներ տեղադրել հիմնականում զբոսաշրջային վայրերում։
«Փորձում ենք տեղանքները վերցնել այնպես, որ ծածկեն զբոսաշրջային տարածքները, քանի որ էլեկտրամեքենայով մարզ գնալը շատ դժվար է։ Էլեկտրական մեքենաները բավականին տարածված են դարձել, բայց քանի որ մենք արագ լիցքավորիչների պակաս ունենք, մարդիկ կարող են ունենալ էլեկտրական մեքենա, բայց ձեռնպահ մնալ երկար տարածություններ գնալուց: Մեզ մոտ վախի գործոն կա, որ այն կնստի, և դուք ստիպված կլինեք վերադառնալ էվակուատորով»,- ասել է «Դա-Տենեի» հիմնադիրը։
Բացի այդ, Շվանգիրաձեն նշել է, որ լիցքավորիչները կտեղադրվեն հիմնականում ընդհանուր տարածքներում, օրինակ՝ առևտրի կենտրոնների մոտ։
«Մենք անվճար տեղեր չենք փնտրում՝ մենք նախընտրում ենք լիցքավորիչ ստեղծել ոչ թե ազատ, այլ անհրաժեշտ տեղում։ Մեր նպատակն է հարմարավետություն ստեղծել էլեկտրական մեքենայի սեփականատիրոջ համար։ Առաջին փուլում մեկ տարվա ընթացքում կներդրվի մոտավորապես 1,3 մլն դոլար, իսկ ապագայում մենք կդիտարկենք այն միտումը, թե ինչ է պահանջում շուկան»,- ասել է Դավիթ Շվանգիրաձեն։
Նշենք նաև, որ «Դա-Տենե»-ն էլեկտրաէներգիա կստանա Green Energy-ից, որը էլեկտրաէներգիա կարտադրի Վրաստանի առաջին արդյունաբերական արևային էլեկտրակայանից։ Նշված արևային կայանը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին։