Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանում է Երևան՝ քննարկելու վիզաների ազատականացումը

Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանում է Երևան՝ քննարկելու վիզաների ազատականացումը

Երկուշաբթի Եվրոպայան հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կժամանի Երևան Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար, հաղորդում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության կայքը։

Փոխնախագահ Սխինասը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը և «ԵՄ – Գործընկերության» ծրագրի օրակարգի այլ ասպեկտներ։

ԵՄ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքական մակարդակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր ազդանշան է ԵՄ-ի և նրա անդամ երկրների ու Հայաստանի միջև առանց այն էլ ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության մասին:

«Այս երկխոսության նպատակն է Հայաստանի քաղաքացիների համար ի վերջո վերացնել ԵՄ-ում կարճաժամկետ մնալու համար վիզայի պարտավորությունը, երբ Հայաստանի իշխանությունները էական բարեփոխումներ իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան և ապաստանի կառավարումը, հասարակական կարգը, անվտանգություն և ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքները։ Ինչպես ցույց է տվել երրորդ երկրների հետ փորձը, Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ պետությունների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ վերահսկելու բարեփոխումների առաջընթացը և զարգացումները»:

Հայաստանում փոխնախագահ Սխինասը կայցելի նաև Երևանի պետական ​​համալսարան և ուսանողների հետ կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված առաջընթացի և ընդհանուր արժեքների վրա հիմնված դրանց հետագա խորացման հեռանկարները։

Civilnet.am