Ինչպես է ազդում «Ռուսական օրենքը» գյուղատնտեսության վրա

Ինչպես է ազդում «Ռուսական օրենքը» գյուղատնտեսության վրա

Մոտ 7-8 տարի կարտոֆիլագործությամբ զբաղվող Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա գյուղի բնակիչ Ռեմիկ Պողոսյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում խոսեց այդ ոլորտում աշխատելու, փորձի և դժվարությունների մասին։

Ռեմիկ Պողոսյանը 35 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ, ուսանել է ֆինանսներ և բանկային գործ։ Ընտանիքի հետ մեկտեղ արդեն երկար տարիներ զբաղվում է գյուղատնտեսությամբ, սկզբում հայրն է զբաղվել, այնուհետև Ռեմիկն է այդ ծանր և պատասխանատու գործը վերցրել իր ուսերին։ Կատակով ասում է, որ 3-րդ դասարանից մինչև օրս զբաղվում է հողագործությամբ։

«Վերջին երկու տարիներին կարտոֆիլի գինը շատ ցածր է, ներկա պահին լավ կարտոֆիլը արժե 55-ից 65 թեթրի։ Գների նվազումը պայմանավորված է Ռուսաստանից ներմուծվող կարտոֆիլով, որի պատճառով գյուղացին չի կարողանում հարմար գնով վաճառել իր ապրանքը ու հաջորդ տարի կանգնում է փաստի առաջ։ Եվրոպական նյութերը, պարարտանյութը, սերմացուն և այլ անհրաժեշտություններ՝ համեմատած Ռուսաստանի հետ ավելի բարձրակարգ են ու եթե այդ շուկան մեր համար փակվի, ապա շատ վատ կլինի։ Կարտոֆիլը արտահանել ենք Ռուսաստան, Ադրբեջան, բայց Եվրամիության շուկա դեռևս հնարավորություն չենք ունեցել: Կարտոֆիլի մշակման գործընթացը մինչև բերքը ստանալը շատ դժվար է և ծախսատար»,- ասաց Ռեմիկ Պողոսյանը։

Ռեմիկը խոսեց նաև «Ռուսական օրենքի» ազդեցության մասին․ «Ռուսական օրենքը Վրաստանին հեռացնում է Եվրոպայից ու այս դեպքում տուժում է նաև մեր ոլորտը։ Օրինակ՝ Ախալքալաքում կան ընկերություններ, որոնք զբաղվում են սերմացուի կամ տեխնիկայի ներկրմամբ ու եթե այս օրենքը մնա, նրանք ուզած թե չուզած պետք է փակվեն, որովհետև ֆինանսավորում ստանում են Եվրոպայից և գործակալի պիտակը շալակելու ցանկություն չունեն։ Եթե ռուսական ազդեցությունը Վրաստանում մեծանա, ապա գյուղատնտեսությանը լավ ապագա չի սպասվում»։

Մանրամասները՝ ձայնագությունում․

Radio NOR · Ինչպես է ազդում «Ռուսական օրենքը» գյուղատնտեսության վրա

«Ռուսական օրենքը» Վրաստանում գործում է հունիսի 3 -ից։ Այն դրամաշնորհներ տրամադրող լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին «օտար տերության շահերի կրողի» և, ի թիվս այլոց, «օտար տերության» կարգավիճակ կտրամադրի ԱՄՆ -ին, ԵՄ -ին և միջազգային հիմնադրամներին, որոնք դրամաշնորհներ են տրամադրում Վրաստանին: «Օտարերկրյա գործակալ» տերմինը ռուսական օրենսդրության մեջ հայտնվել է դեռևս 2012 թվականին: