Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) շահույթ չհետապնդող կրթաթոշակային ծրագիր է, որը հիմնադրվել է 1950 թվականին, ԱՄՆ-ում: 74-ամյա պատմություն ունեցող կազմակերպությունը կարևորագույն նախագծերից մեկն է, որը Վրաստանում ևս բազմաթիվ ծրագրեր է նախագծում և իրագործում:
Կրթաթոշակային ծրագիրն ունի մրցութային սկզբունք, հետևաբար` միայն պայմանների առկայության դեպքում ուսանողը կարող է մասնակցել:
Ջավախքում Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի համակարգող Թերեզա Ազարյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմեց նախագծի մասին։
«ՀԿՀ Ջավախքի կրթաթոշակային ծրագիրը Վրաստանում սկսվել է 2017 թվականին: 2024-25 ուսումնական տարում տրամադրվել է մոտ 50 կրթաթոշակ, այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 150 կրթաթոշակառու։ Ուրախությամբ կարող ենք նշել, որ կրթաթոշակառուների թիվը տարեցտարի ավելանում է, ինչի համար շնորհակալ ենք մեր բոլոր հովանավորներին»,- պատմեց Թերեզան:
Ըստ նրա՝ կրթաթոշակն արժանավոր ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն առանց ֆինանսական խնդիրների, նաև խրախուսում է ուսանողներին, որ բարձր ակադեմիական հաջողությունների հասնեն և հասարակական գործունեություն ծավալեն:
Կրթաթոշակային ծրագրին համատեղ, կազմակերպությունը յուրաքանչյուր տարի` ուսումնական տարվան ընդառաջ, գրենական պիտույքներով լի պայուսակներ է բաժանում Ջավախքի տարբեր գյուղերում (այս տարի ծրագրի շրջանակներում այցելել են Վրաստանի Վարևան, Հոկամ, Դավնիա, Էրինջա, Խավեթ և Թորիա գյուղեր):
Բոլոր այն ուսանողները, որոնք դարձել են Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառու, փաստում են, որ ծրագիրը մեծ հեղափոխություն է նրանց կյանքում:
Ծրագրի հաջողակ կրթաթոշակառուներից մեկն Էթերի Ավետիսյանն է. նա Մառնեուլիի շրջանի Չանախչի գյուղից է: ՀԿՀ ծրագրին Էթերին մասնակցել է 2022 թվականին և այս տարի հաջողությամբ ավարտել է Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանը:
«Մեր շրջանի հինգ դիմորդներից միայն ես ընդունվեցի համալսարան: Չգիտեի` ուրախանամ, որ ուսանող եմ, թե տխրեմ, որ չեմ կարողացել անվճար ընդունվել: Բայց ինձ չկորցրի, հոգուս խորքում հույս ունեի, որ այս իրավիճակից ինչ-որ ելք անպայման կգտնվի: Համալսարանական ընկերներիցս իմացա ծրագրի մասին, ամեն օր հետաքրքրվում էի: Մասնակցելու հնարավորություն միայն 2022 թվականից եմ ունեցել, բարեբախտաբար՝ առաջին փորձից հասա հաջողության», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անկեղծացավ Էթերին:
Ըստ նրա, ծրագրին մասնակցությունից հետո ավելի է կենտրոնացել դասերի վրա, քանի որ այլևս ուսման վարձի խնդիր չկա:
«Առաջին փուլը հաղթահարելուց հետո հարցազրույց ունեցա հանձնաժողովի ամերիկացի անդամների հետ, որը տպավորիչ էր թե՛ իմ, թե՛ իրենց համար: Հարցազրույցից հետո արդեն վստահ էի, որ ընդունվել եմ»,- պատմեց Էթերին` հավելելով, որ ծրագիրն ինքնին մոտիվացիա է ուսանողի համար, քանի որ պետք է պահպանես բարձր գնահատականներդ, լավ սովորես, կատարես կամավորական աշխատանքներ, օգտակար լինես քո համայնքին:
Էթերիի խորհրդով բազմաթիվ ուսանողներ են դիմել ծրագրին և հասել հաջողության: Նա հորդորում է բոլորին փորձել իրենց ուժերը, չընդունվելու դեպքում երբեք չկոտրվել և հաջորդ տարի անպայման նորից դիմել: aliq.ge