Օգոստոսի 27-ին Փոքր Գոնդուրա գյուղում տեղացած առատ և ուժեղ կարկուտը դարձել էր ջրհեղեղի պատճառ, որը հեղեղել էր ցանքատարածքները, ջուրը լցվել էր բնակիչների տները, գոմերը, նկուղները, հեղեղվել էին տնամերձ այգիները, տուժել էր 5 տուն։
Բացի այդ, ջրհեղեղից անկել էին մի քանի խոշոր եղջերավոր անասուններ։
Ինչպես հետո բնակիչներից պարզեց NOR ռադիոկայանը` աղետի հիմնական պատճառը երկաթգծի կամուրջներն էին, որտեղով ջուրը հոսել էր դեպի գյուղ։
Փոքր Գոնդուրայի ներկայացուցիչ Արթուր Ղռմաջյանն էլ NOR ռադիոկայանին հայտնել էր, որ կամուրջները կառուցվել են բնակիչների պահանջով, որպեսզի խոշոր եղջերավոր անասունները կարողանան անցնել և բարձրանալ դեպի սար` արոտատեղի։ Ներկայացուցիչը նաև նշել էր, որ կամուրջների հետ կապված խնդրին լուծում կտրվի։
NOR ռադիոկայանը այսօր` սեպտեմբերի 10-ին կրկին կապ հաստատեց Փոքր Գոնդուրա գյուղի ներկայացուցիչ Արթուր Ղռմաջյանի հետ, պարզելու աղետից տուժած բնակիչներին տրամադրվելիք օգնության չափը։
Արթուր Ղռմաջյանը նշեց, որ օգնություն տրամադրվել է ընդհանուր 9 տուժած բնակչի։ Խոշոր եղջերավոր անասունների կորստի համար փոխհատուցվել է 1000-ական լարի, իսկ տների վնասի համար` 500-ական լարի:
Ինչպես նշեց Ղռմաջյանը` գումարը արդեն փոխանցվել է ջրհեղեղից տուժածներին։