NOR ռադիոկայանը ինստագրամյան իր էջում տեղադրել էր հարցում պարզելու համար թե ի՞նչ խնդիրներ ունեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները։ Պատասխանի համար NOR-ի ինստագրամում թողնված պատուհանում արձագանքել էին 50-ից ավելի բաժանորդներ, որում ներկայացվում էին տարբեր և բազմաթիվ խնդիրներ։
Պատասխաններից մի քանիսում արձագանք կար Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո գյուղ տանող վատ ճանապարհի մասին։ Բնակիչները նշում են, 3 կմ ճանապարհը գտնվում է ահավոր վատ վիճակում, ամեն մետրի վրա առկա են փոսեր։
«Նինոծմինդայի ահավոր վատ վիճակում գտնվող գյուղերից առաջինը Տամբովկան է ամեն առումով», – արձագանքել էր բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ նշել էր, որ բացի ճանապարհի վատ վիճակից գյուղում չկա մանկապարտեզ և գազ։
Պարզելու համար թե ինչպես պետք է լուծվի Ախալի Խուլգումոյի ճանապարհի խնդրահարույց հարցը NOR ռադիոկայանը դիմեց Ախալի Խուլգումոյի գյուղապետ Մասիս Աղայանին։
Մասիս Աղայանը մեզ հայտնեց, որ ասֆալտապատման նախագիծը նախատեսված է.
«Այս տարի ոչ մի բան չենք անի, որովհետև եկող տարի հենց գարունը բացվավ կասֆալտապատվի ճանապարհը։ Որպեսզի ավելորդ ծախսեր չանենք այս տարի ոչ մի բան չի արվի, բայց նախագիծը կա և եկող տարի` 2025-ին, կլինի ասֆալտ»:
Մեր այն հարցին թե հարթեցման աշխատանքներ եղել են, Աղայանը պատասխանեց, որ ճանապարհը հարթեցվել է անցյալ տարի, իսկ այս տարի ոչ մի բան չի արվել։
Ավելացնենք, որ բացի վերոնշյալ ճանապարհահատվածի անմխիթար վիճակից, վատ վիճակում են գտնվում նաև գյուղամիջյան ճանապարհը և դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը։