Քաղաքագետ Տիգրան Թարզյանը մտահոգ է ժողովրդավարության ապագայի շուրջ

Քաղաքագետ Տիգրան Թարզյանը մտահոգ է ժողովրդավարության ապագայի շուրջ

«Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը էական ազդեցություն ունի հիմնականում հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության վրա։ Օրենքը վերջիններից պահանջում է, որ նրանք գրանցվեն որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ:

Մայիսի 14 -ին Վրաստանի խորհրդարանը ընդունել է ժողովրդի կողմից նոր անվանում ստացած այսպես կոչված «ռուսական օրենքը»։

«Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների» ոչ կառավարական կազմակերպությունը գործում է 2020 թվականից և արդեն 4 տարի է իր գործունեությունն է ծավալում Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում։ Կազմակերպության հիմնական նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ժողովրդավարության մեթոդների ու արժեքների հետ։

Վերոնշյալ կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Տիգրան Թարզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում խոսեց այդ ոլորտում աշխատելու, փորձի, դժվարությունների և «ռուսական օրենք» -ի ազդեցության մասին։

«Մեր կազմակերպությունը տեղի երիտասարդների հետ մեկտեղ հիմնադրել ենք 4 տարի առաջ, սակայն ծավալուն աշխատանք իրականացրել ենք վերջին երկու տարվա ընթացքում։ Հիմնական դոնորները եղել են USAID -ը, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը, IREX-ը և այլն։ Նրանց հետ համատեղ աշխատել ենք ու այդ ընթացքում ոչ մի բան չենք թաքցրել . ամեն ինչ եղել է թափանցիկ։ Ինչպես գիտեք ժողովրդավարության հիմք հանդիսացող արժեքներից մեկն էլ հանդիսանում է հենց մասնակցությունը։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ ցույց են տվել, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում մասնակցության գործըթացը այդքան էլ ակտիվ չէ և, քանի որ մեր ընկերության աշխատակիցները նույնպես երիտասարդ են, որոշեցինք աշխատել հիմնականում երիտասարդների հետ։ Մասնակցության և համագործակցության միջոցով փորձեցինք գյուղերում առկա առաջնահերթ խնդիրները հասցնել համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք ընդգրկեին իրենց պլանների ու պետական բյուջետավորման ծրագրերի մեջ, հետագայում դրանց լուծում տալու համար։ Ունեցել ենք ծրագրեր նաև դեզինֆորմացիայի վերաբերյալ, կանանց իրավունքների իրազեկման շուրջ և այլն։ Եղել են նաև դժվարություններ, կապված տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու, երկխոսություն կազմակերպելու և նման բնույթի հարցերի շուրջ։ Փորձել ենք այդ ամենին ուրիշ անկյունից մոտենալ և այլ ճանապարհներ գտնել»,- ասում է Տիգրան Թարզյանը։

«Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կազմակերպության հիմնադիրը նաև նշում է. «Երիտասարդների համար անցկացվել են տարբեր տեսակի թրեյնինգներ, հանդիպումներ, որտեղ նրանք ուսումնասիրել են ակտիվիզմ, ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարման մոդելը լրիվությամբ և այլն։ 20 -ից ավելի երիտասարդներ անցել են այդ համապատասխան դասընթացները ու այդ ամենի հիման վրա արդեն մասնակցություն են ունեցել նաև գործնականում. և դա ինքնին արդեն մեծ արդյունք է»։

Տիգրանը կարծում է, որ առաջին հերթին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենք» -ի օգնությամբ ուզում են վերջ դնել այն ոլորտին, որը որ անկախ է ու ժողովրդին ներկայացնում է կառավարության բացերի մասին, կոռուպցիայի, խախտումների, խնդրիների և այլն։ Ինչպես նաև այդ տուգանքների միջոցով ուզում են լցնել պետական բյուջեն, քանի որ ոչ կառավարական հատվածը առանց այս օրենքի էլ ֆինանսապես թափանցիկ է։

«Այս օրենքը վերաբերվում է ամբողջ Վրաստանի քաղաքացիներին, քանի որ մեր երկրի ժողովրդավարությանը վտանգ է սպառնում։ Մեր կազմակերպությունը մտադիր չէ գրանցվել որպես օտարերկրյա ազդեցության ուժ և կշարունակի իր գործունեությունը քանի դեռ ժամանակ կա։ Հույսով սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը, որպեսզի չեղարկեն կամ ինչ-որ փոփոխություն կատարվի այս օրենքի վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, ապա կարող եմ ասել որ դրա ուժը ու բանալին գտնվում է ժողովրդի ձեռքում»,- ավելացրեց Թարզյանը։

Radio NOR · Քաղաքագետ Տիգրան Թարզյանը մտահոգ է ժողովրդավարության ապագայի շուրջ

Հուլիսի 29 -ին Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները հայց էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած օրենքի: «Ռուսական օրենք» -ի կասեցման շուրջ քննարկումները Սահմանադրական դատարանում (ՍԴ) գործընթացի մեջ են և այդ օրենքի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։