Վրաստան. Օզուրգեթում եւ Ամբրոլաուրում տեղի երիտասարդները պայքարում են գետերի աղտոտվածության դեմ
«Յուրաքանչյուր չմտածված քայլ ի վերջո շրջվում է մեր դեմ», «Աղբի տեղը աղբամանն է, այլ ոչ թե գետերը». այսպիսի ուղերձներով պաստառներն այժմ ցուցադրվում են Վրաստանի Օզուրգեթ եւ Ամբրոլաուր համայնքների գետերի երկայնքով:
Տեղացի երիտասարդները Եվրոպական միության եւ Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) աջակցությամբ ստեղծել են աչք շոյող պաստառներ՝ յուրաքանչյուր գետի աղտոտվածության մակարդակը ցուցադրող կարճ տեսանյութերին հղում կատարող QR կոդերով։
Վրաստանի կլիմայի գործողությունների ծրագրի միջոցով վերապատրաստված երիտասարդներն յոթ ամիս են ծախսեցլ գետերի աղտոտվածության եւ թափոնների կառավարման խնդիրների ուսումնասիրության վրա: Քառասուն հոգի մասնակցել են կլիմայի փոփոխության վերաբերյալ թեմատիկ դասընթացների եւ գնահատել իրենց համայնքներում գետերի վիճակը, պլանավորել իրազեկման արշավներ՝ ներառյալ տեղեկատվական հանդիպումներ, կարգախոսների ստեղծում եւ տեղեկատվական տեսանյութերի պատրաստում:
Ծրագրի մասնակիցներից տասնվեցամյա Նինի Մեգրելիձեն ասում է. «Մեր նպատակն էր բացահայտել այն վայրերը, որոնք գրավիչ են զբոսաշրջիկների համար եւ որտեղ մարդիկ կարող են վայելել իրենց ժամանակը, ինչպես նաեւ ստուգել, թե արդյոք գետերի երկայնքով առկա են աղբամաններ եւ որքանով են աղտոտված հարակից տարածքները»։
«Ամբրոլաուրում երկու խոշոր գետ կա՝ Կրիխուլան եւ Ռիցեուլան: Թեեւ դրանք համարվում են համեմատաբար մաքուր, ափերի երկայնքով առկա են որոշ հատվածներ, որտեղ հաճախ է աղբ հավաքվում: Սա զգալիորեն աղտոտում է շրջակա տարածքը, իսկ երբեմն էլ աղբը հայտնվում է ջրի մեջ», – նշում է նախագծի մեկ այլ մասնակից՝ 29-ամյա Սալոմե Աբուտիձեն Ամբրոլաուրից։
Օգոստոսի 6-ին Եվրոպական միությունը վերստին դատապարտել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի շարունակական ռազմական ներկայությունը, որն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ 2008 թվականի օգոստոսի 12-ի վեց կետից բաղկացած համաձայնագրով Ռուսաստանի ստանձնած հանձնառությունների խախտման դրսեւորում է։
2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սկսված պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է Եվրոպական միության հաստատակամ հավատարմությունը Վրաստանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։
«Վրաստանում հակամարտությունից տուժած համայնքներում մարդու իրավունքները շարունակում են խախտվել, այդ թվում՝ ռուս զինվորականների եւ դե ֆակտո իշխանությունների կողմից «սահմանայնացման» քաղաքականության, անցակետերի փակման եւ ապօրինի ձերբակալությունների միջոցով»,– ասվում է հայտարարության մեջ։ «Ազատ տեղաշարժի սահմանափակումներին պետք է վերջ դրվի, մարդու իրավունքների խախտումները պետք է հետաքննվեն, ինչպես նաեւ պետք է ապահովվի արդարադատություն բոլոր զոհերի համար»։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Ժնեւի միջազգային քննարկումներում (GID) որպես համանախագահ ԵՄ ներգրավվածության, Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքի, ինչպես նաեւ տեղում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ Վրաստան) շարունակական ներկայության միջոցով:
Եվրոպական միությունը նաեւ վերահաստատել է իր անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Եվրոպական միությունը սեպտեմբերի 4-ին դատապարտել է Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ «ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի «հապճեպ» ընդունումը։
«Այս փաթեթը խարխլում է վրաց ժողովրդի հիմնարար իրավունքները եւ բնակչության մի մասի համար ստեղծում է հետագա խարանման ու խտրականության հիմքեր», – ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ: «ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ ԵՄ ինտեգրման տեսանկյունից կարեւոր հետեւանքներով օրենսդրությունն ընդունվել է առանց պատշաճ հանրային խորհրդակցությունների եւ դրա համապատասխանության համար եվրոպական եւ միջազգային չափանիշներին մանրակրկիտ վերլուծության»:
Նա հավելել է, որ մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունն ընդլայնման գործընթացի առանցքն է, որն ամեն տարի գնահատվում է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման զեկույցում։
ԵՄ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին ամբողջությամբ վերանայել այս օրենսդրական փաթեթը։ «Նման առաջարկը՝ զուգորդված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական հասարակության սահմանափակումների հետ, ավելի կլարեն ԵՄ-Վրաստան հարաբերությունները»,- նշել է Ստանոն:
ԵՄ-ն նաեւ հիշեցրել է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը դե ֆակտո սառեցվել է եւ կոչ է արել երկրի իշխանություններին վերսկսել ԵՄ ինտեգրման ուղին:
Կանաչ աճի հիմնադրամը (GGF) 7 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել Isbank Georgia-ի հետ։ Նշված միջոցները նախատեսված են էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի նախագծերում օգտագործվելու համար։
Հուլիսի վերջին համաձայնեցված նոր ներդրմամբ աջակցություն կցուցաբերվի Isbank Georgia-ին՝ երկրում կանաչ ֆինանսավորման խթանման համար, մասնավորապես՝ էներգետիկայի եւ ռեսուրսների արդյունավետության միջոցառումների ուղղությամբ: Ֆինանսավորումը բանկին հնարավորություն կտա լրացուցիչ վարկեր տրամադրել կորպորատիվ եւ ՓՄՁ հաճախորդներին, որոնք ծրագրում են ներդրումներ կատարել, օրինակ, էներգետիկ կայանքներում կամ էներգաարդյունավետությանն ուղղված այնպիսի նախագծերում, ինչպիսիք են բնակելի շենքերի կառուցումը:
Isbank Georgia-ի գործադիր տնօրեն Էմրե Յըլմազն ասել է. «Վրաստանի տնտեսության աճին զուգահեռ երկրի կանաչ ապագայի համար վճռորոշ դեր են ստանում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի նախագծերը։ Այս ֆինանսավորումը կաջակցի բանկին վարկերի դիվերսիֆիկացման հարցում, ինչպես նաեւ Վրաստանում կանաչ նախագծերին»:
Կանաչ աճի հիմնադրամը, որը 2009թ. դեկտեմբերին նախաձեռնվել է Գերմանական KfW զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի եւ այլ հաստատությունների ֆինանսական աջակցությամբ, ներառում է դոնոր գործակալությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների եւ մասնավոր ներդրողների մեծ բազա: Հիմնադրամը ներդրումներ է կատարում էներգիայի օգտագործման եւ ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն, ինչպես նաեւ ռեսուրսների արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներում Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի, Ուկրաինայի եւ Մոլդովայի 19 շուկաներում:
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ս.թ. օգոստոսի 2-ին հայտարարել է երկրում ապրանքների եւ ծառայությունների որակի բարելավմանն ուղղված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կիրականացվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Չեխիայի զարգացման գործակալության (CzDA) կողմից։
«QUIS՝ ավելի լավ ապրանքներ եւ ծառայություններ» ծրագիրը կնպաստի հավատարմագրված լաբորատորիաներում եւ հավաստագրված մարմիններում եվրոպական ստանդարտների ներդրմանը եւ կաջակցի մասնավոր հատվածին այս դերակատարների ծառայություններն արտադրական գործընթացում օգտագործելու հարցում: Սա կօգնի վրացական բիզնեսին ավելացնել արտահանումը, ինչպես նաեւ մուտքը 27 երկիր եւ ավելի քան 500 միլիոն սպառող ընդգրկող եվրոպական շուկա։
Ծրագիրը կաշխատի արդյունաբերական ոլորտների, ինչպես նաեւ կահույքի, խաղալիքների եւ այլ ապրանքների տեղական արտադրողների հետ:
Նախաձեռնության հիմնական նպատակներն են արտադրանքի որակի բարելավումը, ծառայությունների որակի բարելավումը, սպառողների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաեւ նորարարություններին ու տեխնոլոգիաներին աջակցությունը:
«QUIS ծրագիրը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող վերջին նախաձեռնություններից մեկն է, որը կամրապնդի որակի ենթակառուցվածքը՝ աջակցելու Վրաստանի տեղական բիզնեսի զարգացմանը, նորարարություններին եւ մրցունակությանը: Սա կօգնի վրացի սպառողներին ձեռք բերել նույն բարձրորակ ապրանքներն ու ծառայությունները, ինչպիսիք առկա են ԵՄ երկրներում»,- ասել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 միլիոն եվրո է: Այն գործելու է մինչեւ 2027 թվականի հունվար։
Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակում Լեհաստանում իրականացվող նախագիծը հրավիրում է երիտասարդ կամավորներին ամբողջ Եվրոպայից, այդ թվում՝ Հայաստանից, ժամանել Լեհաստան եւ կիսվել իրենց Սուրբծննդյան ավանդույթներով:
Հոկտեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 18-ն անցկացվող «Hey Christmas Carol 6!» նախագծի շրջանակում կամավորները կպատրաստեն միջազգային Սուրբծննդյան երգեր եւ իրենց երկրներում Սուրբծննդյան ավանդույթների մասին պրեզենտացիաներ, ինչպես նաեւ կմասնակցեն արհեստների եւ արվեստների, երաժշտության, թատրոնի, անձնական զարգացման եւ խոհանոցի վերաբերյալ սեմինարների։
Կամավորները Բիդգոշչի տարբեր վայրերում, ներառյալ քաղաքի պաշտոնական Սուրբծննդյան շուկայում երեխաների, դեռահասների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցների հետ հանդիպումների ժամանակ կերգեն եւ կնվագեն տարբեր երկրների Սուրբծննդյան երգեր: Նախագիծը նվիրված է Սուրբծննդյան ավանդույթներին եւ մշակույթների փոխանակմանը՝ անկախ կրոնական համոզմունքներից։
Ծրագիրը մասնակիցներին կապահովի սնունդով եւ կացարանով, ինչպես նաեւ կտրամադրի գրպանի գումար եւ տեղական տրանսպորտի քարտեր:
Կամավորները պետք է լինեն լայնախոհ եւ դրական վերաբերվեն մարդկանց, սիրեն միջազգային, միջմշակութային եւ տոնական մթնոլորտը։ Յուրաքանչյուր մասնակից պետք է տիրապետի անգլերենի հիմնական մակարդակին եւ չպետք է վախենա երգելուց եւ հանդիսատեսի առջեւ ելույթներից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 15-ը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) Արևելյան գործընկեր երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) հրավիրվում են դիմելու ցանցային դրամաշնորհների՝ նոր ցանցեր ստեղծելու և առկա համագործակցություններն ամրապնդելու նպատակով։
Հայտը ներկայացվելու է «Քաղաքացիական հասարակության կայունության ուժեղացումը Արևելյան գործընկերությունում» (ERICS-EaP) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի և ղեկավարվում Տրանսատլանտյան հիմնադրամի (TF) կողմից՝ համագործակցելով ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի Սևծովյան տարածաշրջանային համագործակցության ծրագրի հետ։
ՔՀԿ-ները կարող են դիմել ֆինանսավորման՝ աջակցելու մի շարք ցանցային գործունեությունների, ներառելով, բայց չսահմանափակվելով դրանցով. տարածաշրջանային ցանցերի ձևավորում, սահմանային համագործակցություն, լավագույն փորձի փոխանակում և շահերի պաշտպանություն։ Ցանցային գործունեությունը կարող է կենտրոնանալ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ ժողովրդավարության խթանումը, քաղաքացիական ներգրավվածությունը, մարդու իրավունքները, լրատվամիջոցները, դիսկրեդիտացիա/սխալ տեղեկատվությունները, թափանցիկությունը, օրենքի գերակայությունը և այլն։
Դրամաշնորհների ծավալը կազմում է 30,000 եվրո մինչև 12 ամսվա նախագծերի իրականացման համար։
Դրամաշնորհին իրավասու լինելու համար ՔՀԿ-ները պետք է գրանցված լինեն եւ գործեն ԱլԳ երկրներից մեկում։ Նախագծերը պետք է ներառեն կազմակերպություններ առնվազն 3 ԱլԳ երկրներից։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է:
Այս հայտի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը կկայանա 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստի ժամանակով ժամը 11:00-ին։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև սեպտեմբերի 17-ը։
ERICS-EaP ծրագրի նպատակն է աջակցել ներառական, կայուն և ժողովրդավարական հասարակությունների զարգացմանը Արևելյան գործընկերության տարածաշրջանում։ Դա ներառում է քաղաքացիական հասարակության սուբյեկտների կարողությունների բարելավումը և ժողովրդավարացման, բարեփոխումների ու վերականգնման գործընթացներում նրանց մասնակցության խթանումը Արևելյան գործընկեր երկրներում։
Եվրոպական դրամաշնորհային ծրագիր՝ անդրսահմանային հետաքննություններին աջակցելու համար
Եվրոպական անդրսահմանային դրամաշնորհային ծրագիրն աջակցում է պրոֆեսիոնալ լրագրողների եւ/կամ լրատվամիջոցների անդրսահմանային թիմերին, որոնք ունեն լավ գաղափարներ Եվրոպային առնչվող թեմաներով անդրսահմանային հետաքննության եւ հետազոտության համար: Նյութերը պետք է արդիական լինեն եվրոպական թիրախային խմբերի համար։
Եվրոպական անդրսահմանային դրամաշնորհները տրամադրվում են Journalismfund.eu-ի կողմից՝ Եվրոպական միության, Limelight Foundation-ի եւ Vereniging Veronica-ի ֆինանսավորմամբ:
Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ հետաքննության լավ գաղափար, առնվազն երկու լրագրողներից եւ/կամ անկախ լրատվամիջոցներից բաղկացած անդրսահմանային թիմ, ինչպես նաեւ առնվազն մտադրությունների մասին երկու նամակ եվրոպական պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներից (որոնցից առնվազն մեկը պետք է տեղակայված լինի ԵՄ տարածքում), որոնք պատրաստ կլինեն հրապարակել ձեր հետաքննության արդյունքները: Թիմը պետք է բաղկացած լինի երկու լրագրողներից կամ լրատվամիջոցներից, որոնք պետք է ներկայացնեն Եվրոպայի խորհրդի տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։
Մեկ միավոր հայտամրցույթի շրջանակում ընդհանուր հասանելի գումարը կկազմի մոտ 225,000 եվրո, որը պետք է բաշխվի բոլոր աջակցվող հետաքննությունների միջեւ:
Դրամաշնորհային միջոցները կարող են ուղղվել աշխատանքային ժամանակի եւ նյութապահովման, ճանապարհորդության, ապահովագրության, իրավական աջակցության հասանելիության, թարգմանությունների, տեխնոլոգիաների եւ տվյալների հավաքածուների հասանելիության եւ այլ ծախսերի ծածկմանը:
Դրամաշնորհից զատ, թիմերը կարող են նաեւ դիմել եւ ստանալ մենթորական աջակցություն, որը կօգնի կամ հետաքննության կիզակետում, կամ որոշակի հմտությունների անհրաժեշտության հարցերում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 26-ն է: Հաջորդ հայտամրցույթի վերջնաժամկետը կլինի նոյեմբերի 7-ը։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք