Թոշակառուների առաջին ակումբն Ախալցիխեում

Թոշակառուների առաջին ակումբն Ախալցիխեում

Ախալցիխե քաղաքում շուտով կգործի թոշակառուների համար նախատեսված սոցիալական ինտեգրացիայի կենտրոն, նախագծի ղեկավար Ցիրա Մեսխիշվիլի խոսքով՝ թոշակառուների ակումբ։

Հիմնական նպատակն ակումբի՝ թոշակառուների սոցիալական ինտեգրացիային նպաստելն է։ Թոշակառուներ կան, որ հնարավոր է ֆինանսական խնդիր չունեն, բայց իրենց մենակ են զգում, այստեղ կունենան իրենց անկյունը, կկարողանան զբաղվել սիրած գործով։

«Սամցխե-Ջավախեթիում չունեինք 60 և բարձր տարիքի անձանց համար հավաքատեղի, տարեցների ակումբ, չնայած նման ակումբներ Վրաստանի տարբեր շրջաններում արդեն գործում են։ Չաշխատող թոշակառուները, որ չունեն զբաղմունք, կգտնեն իրենց հոբբին», — նշում է Մեսխիշվիլին՝ պարզաբանելով նախագծի ստեղծման շարժառիթը։

Նրա խոսքով ակումբն այս պահին ֆինանսավորում է Եվրամիությունը, սակայն հետագայում ցանկանում են ստանալ մունիցիպալ աջակցություն՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ․

«Նախատեսում ենք իրականացնել տարբեր զվարճալի միջոցառումներ, ուսումնական կուրսեր, դա կախված կլինի հենց իրենց նախասիրություններից։ Հաշվի կառնվի նաև տարեցների համար ցանկալի ժամանակահատվածը, թե օրինակ, որ ժամին են ուզում մասնակցել հանդիպումներին», — ասում է Մեսխիշվիլին։

Ցիրա Մեսխիշվիլին նշում է, որ սկզբում ցանկանում էին 15 շահառու ընդունել, կլինեն կամավոր ուսանողներ, ովքեր կզբաղվեն կազմակերպչական հարցերով։ Այն մեծահասակները, ովքեր կուզենան լեզու սովորել, կամ էլ իրենց համակարգչային ունակությունները բարելավել, կմասնակցեն համապատասխան կուրսերի։

Մեսխիշվիլին ընդգծում է, որ շատ ուրախ է, որ ակումբը բազմազգ կլինի, քանի որ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն էթնիկ վրացիների, այլև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում։

aliq.ge