Կենտրոնական Եվրոպայի երկրներում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Առնվազն չորս մարդ է զոհվել Ռումինիայում, շտապ օգնության ծառայությունները փորձում են փրկել տուժած շրջաններում գտնվող տասնյակ մարդկանց։
Չեխիայում շաբաթ առավոտյան գետերի ջրերը երկրի մի քանի տասնյակ շրջանում հասել են վտանգավոր մակարդակի՝ հեղեղելով մի քանի քաղաքի և գյուղերի տներ և ճանապարհներ:
Հորդառատ անձրևի և ուժեղ քամիների հետևանքով ավելի քան 63 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։
Պրահայում պաշտպանիչ պատնեշներ են տեղադրվում, ջրամբարներում տարածք ազատելու համար ամբարտակներից ջուր են բաց թողնում:
Հարևան Ավստրիայում իշխանությունները «աղետի գոտի» են հայտարարել Ստորին Ավստրիայի հյուսիսարևելյան նահանգի 24 գյուղ և սկսել են տարհանել բնակիչներին։
Հորդառատ անձրևների հետևանքով Վիեննայում Դանուբ գետի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։
Արևելյան Ալպերում առատ ձյուն է տեղացել։ Տարերքների հարվածի տակ են հայտնվել Ավստրիայի և Գերմանիայի տարածքները։
Լեհաստանում զինվորականները մոբիլիզացվել են, իշխանությունները բնակիչներին կոչ են արել մթերք կուտակել և լիցքավորել մարտկոցները՝ էլեկտրաէներգիայի անջատումներին պատրաստ լինելու համար: