Վրաստանի բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները սեզոնի մեկնարկից ընդամենը 20 օրվա ընթացքում բացահայտել են չվող թռչունների ապօրինի որսի 104 դեպք, ասվում է մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Վրաստանում այս տարի չվող թռչունների որսի սեզոնը, ավանդույթի համաձայն, սկսվել է օգոստոսի չորրորդ շաբաթ օրը (24) և կտևի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը։
Ապօրինի որսի ամենաշատ դեպքերը գրանցվել են Իմերեթիի (35 խախտում) և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի (31 խախտում) շրջաններում։ Դրան հաջորդում են Շիդա Քարթլիի և Քվեմո Քարթլիի շրջանները (9-ական խախտում), իսկ Կախեթիի, Սամցխե-Ջավախքի և Գուրիայի շրջանները՝ հինգական։ Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանում բացահայտվել է 3 փաստ:
Վարչության աշխատակիցները Թբիլիսի քաղաքի վարչական սահմաններում կանխել են նաև ապօրինի որսի երկու դեպք։
Հայտնաբերված իրավախախտումներից 94-ը եղել են արգելված զենքերի կամ որսի մեթոդների խախտման դեպքեր։ Ինը դեպքում իրավախախտները որս են իրականացրել առանց չվող թռչունների որսի համար պարտադիր վճար վճարելու, մեկ դեպքում՝ որսի կանոնների խախտմամբ։ Որսագողերը կարողացել են ապօրինի կերպով որսալ 27 լոր:
Որսի սեզոնի մեկնարկից 20 օրվա ընթացքում առգրավվել է 94 միավոր էլեկտրոնային սարքեր, որոնք ձայնային ազդանշաններ են արձակում թռչուններին գրավելու համար։
Ապօրինի որսի դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով վարչության աշխատակիցները որսի սեզոնին 24-ժամյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Վրաստանի ողջ տարածքում։
Բացի այդ, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծով 153 ստացված յուրաքանչյուր հաղորդագրությանն անմիջապես պատասխան է տրվում։