Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել

Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա։

Քիչ առաջ Արսեն Խառատյանի փոխանցած տեղեկության համաձայն, ինքը հիմա Եվրոպայում է։ Նա Վրաստան էր ժամանում Լյուքսեմբուրգից։ Օդանավակայանում գտնվելու ընթացքում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսային կապից։

«Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ` եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր», — նշել է Խառատյանը։

Նա մանրամասնել է, որ ոչ ոք իրեն չի բացատրել, թե ինչու են արգելում նրան մուտք գործել Վրաստան․

«Առայժմ կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են` ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»:

Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում», — գրել է Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հատկանշական է, որ նման դեպք տեղի էր ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ առանց նշելու պատճառը` Արսեն Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։

Խառատյանի խոսքով, մոտ երկու ժամ անց իրեն թույլատրել են մնալ Վրաստանում։ ՆԳՆ սահմանային ոստիկանությունը միայն որոշումն է տվել, որտեղ նշված է. «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։ Ինչ դեպքերի մասին է խոսքը` Խառատյանին չեն պարզաբանել։

Խառատյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել էր` չգիտի, թե ինչն է եղել Վրաստան իր մուտքն արգելելու փորձի պատճառը: Նախկինում, ըստ նրա, երբեք նման իրավիճակ չի եղել: