Արտերկրում սովորելը կյանքում եզակի փորձ է, որը կարող է ընդմիշտ փոխել երիտասարդների կյանքը: Ուսանողները, ովքեր գնում են սովորելու այլ երկիր, հայտնաբերում են նոր մշակույթներ, լեզուներ, սովորույթներ և հանդիպում են մարդկանց ամբողջ աշխարհից:
Ներկայումս Նինոծմինդայից շատ երիտասարդներ մասնակցում են արտերկրում սովորելու տարբեր ծրագրերի, որոնցից մեկն էլ Էրազմուս+ ծրագիրն է։
Լեյլի Եսոյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Էրազմուս+ ծրագրին։
Էրազմուս+ ծրագիրը Եվրոպական միության ծրագիր է։ Այն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել եվրոպական այլ երկրներում՝ որպես մեկ կամ մի քանի կիսամյակների փոխանակման մաս:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լեյլին, այս ծրագիրն էլ ունի տարբեր ուղղություններ՝ լինի դա ուսումնական, կարճաժամկետ, թե երկարաժամկետ վերապատրաստումներ, թե տարբեր ծրագրեր, որոնց տեւողությունը մեկ շաբաթից մինչև մեկ տարի է։ Ծրագրին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան անձինք՝ անգլերենի պարտադիր իմացությամբ: Բայց կան ծրագրեր, որտեղ տարիքային սահմանափակումներ չկան։
Երկարաժամկետ ծրագրի ընթացքում նրանք կամավորական աշխատանք են կատարում, համագործակցում տարբեր հաստատությունների հետ (դպրոց, երիտասարդական կենտրոն և այլն), որտեղ կարող են փորձ ձեռք բերել, ծանոթանալ մշակույթին և այլն։
Ինչ վերաբերում է կարճաժամկետ ծրագրերին, ապա դրանք հիմնականում մոտ մեկ շաբաթ և ավելի տեւող դասընթացներ են։
Մեր հարցին, թե ինչ ծրագրերի է մասնակցել Լեյլին, նա պատասխանեց. «Ես 2 անգամ մասնակցել եմ կարճաժամկետ Էրազմուս+ ծրագրին։ Առաջին անգամ 2021 թվականին Ռումինիայում 3 շաբաթով, իսկ երկրորդ անգամ՝ 2024 թվականին Լեհաստանում՝ մեկ շաբաթով։ Առաջին անգամ ես փոխանակման ծրագրում էի, իսկ երկրորդ անգամ վերապատրաստվել եմ որպես սոցիալական ձեռնարկատեր»:
Մեր զրույցում Լեյլին ուրախությամբ նշեց, որ վերջին տարիներին շատացել է մեր երիտասարդների թիվը, ովքեր մասնակցում են նման ծրագրերի։ Նրանք շարունակում են իրենց ուսումը եվրոպական երկրներում և տուն են վերադառնում նոր գիտելիքներով, փորձով և հմտություններով, որոնք կարող են կիրառել իրենց մասնագիտական գործունեության և առօրյա կյանքում՝ մեր Նինոծմինդայում։
Արտերկրում սովորելը նաև նպաստում է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը: Տարբեր երկրների երիտասարդները, միասին սովորելով, հնարավորություն ունեն ճանաչելու միմյանց։ Բացի այդ, նրանք կարող են կամուրջ դառնալ իրենց երկրի և այն երկրի միջև, որտեղ սովորել են: