Ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների և «Ալտ-Ինֆո»-ի երկու ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներից հետո Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) հայտարարություն է տարածել միջազգային պատժամիջոցների կիրարկման ձևի վերաբերյալ։ Բանկում պարզաբանում են, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում այլ կանոն է կիրառվում։
Էկոնոմիկայի նախկին նախարարը, որն այժմ Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարն է, պատժամիջոցների կիրառման ձևը փոխել էր 2023 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ: Այս պահից «Վրաստանի քաղաքացու նկատմամբ կիրառվում է պատժամիջոցների ռեժիմը այն դեպքում, երբ կիրառված պատժամիջոցների հիմքի վերաբերյալ վրացական դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ է կայացվում»։
Չնայած այն հանգամանքին, որ ոչ մի տեղ հստակեցված չէ, թե ինչպես կարելի է քրեական հետապնդում սկսել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց նկատմամբ, Ազգային բանկը բացատրում է, որ «Վրաստանի ֆինանսական հատվածը գործում է պատժամիջոցների ռեժիմներով սահմանված պահանջներին լիովին համապատասխան»: Ըստ Ազգային բանկի՝ «Վրաստանը երբեք չի եղել և չի դառնա պատժամիջոցներից խուսափելու վայր»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, ովքեր որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։ Aliq.ge