Վրաստանի երկու շրջանները՝ Սամցխե-Ջավախքին և Աջարիային միացնող Բաթումի (Անգիսա)-Ախալցխա միջպետական ավտոմայրուղու Խուլո-Զարզմա հատվածի վերականգնումն ակտիվորեն շարունակվում է, հայտնում է երկրի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Խուլո-Զարզմա նորացված ճանապարհը կկապի Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանները ամենակարճ ճանապարհով։ Նորացված հատվածը սկսվում է Խուլո գյուղից և Գոդերձի լեռնանցքով հասնելու է Ադիգենի շրջանի Զարզմա գյուղ։ Նորացված ճանապարհի շնորհիվ Բաթումից Ախալցխա ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 1,5 ժամով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Քուվեյթի հիմնադրամի կողմից և բաժանված է երկու փուլի: Ընդհանուր առմամբ, նախագիծը ենթադրում է 47 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցում։
Ճանապարհի 31 կիլոմետրանոց հատվածում արդեն ասֆալտբետոնե ծածկ է անցկացվել, իսկ Գոդերձի լեռնանցքից Զարզմա գյուղ կարելի է հասնել վերանորոգված ճանապարհով։
Ծրագրի շրջանակներում երկշերտ ճանապարհի վրա ասֆալտբետոնե ծածկ է անցկացվում և ինտենսիվ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում ռելիեֆի և բարդ երկրաբանական պայմանների պատճառով առաջացած սողանքային տարածքներում:
Խուլո-Զարզմա ճանապարհն անցնում է բարդ երկրաբանական տեղանքով և Բեշումի լեռնադահուկային հանգստավայրը կապում է Բաթումիի և Թբիլիսիի հետ։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի Զեմո Աջարիայի և Սամցխե-Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև այս շրջաններում զբոսաշրջության զարգացմանը։