Վրաստանի իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները ծառայում են երկրի մեկուսացման ուժեղացմանը Արևմուտքից, սակայն այս իրավիճակում ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։
«Վրացական կառավարության վերջին հակաժողովրդավարական գործողությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի մասին ապատեղեկատվությունը, վարչապետի երեկվա հայտարարությունները չեն օգնում ոչ Վրաստանին, ոչ էլ վրաց ժողովրդին։ Գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեծացնում են Վրաստանի մեկուսացումը Արևմուտքից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից, չեն բխում վրաց ժողովրդի շահերից»,- ասել է Դաննիգանը։
«Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ հայտարարել է, որ իրենց ապագան մեկն է Եվրոպայի և Արևմուտքի հետ, և գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեկուսացնում են Վրաստանը, չեն ծառայում այդ նպատակին։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ աշխարհում չկա վրաց ժողովրդի և վրաց ժողովրդի եվրաատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ ջատագով, քան ԱՄՆ-ն է։ Մենք կշարունակենք աջակցել և օգնել վրաց ժողովրդին, որպեսզի Վրաստանը դառնա ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր, որը կդառնա Եվրամիության անդամ»,- հավելել է դեսպանը։
Նախօրեին Դաննիգանը հանդիպել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «կրիտիկական կետ» է մոտենում վրաց քաղաքական գործիչների և անվտանգության պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման պատճառով։ Կոբախիձեի խոսքերով, «մեկ այլ» նման որոշումը «կհանգեցնի Վրաստանի դիրքորոշման էական վերանայմանը»։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ պատժամիջոցների «միակ նպատակը» երկրում ընտրությունների վրա ազդելն է։ Միևնույն ժամանակ, Կոբախիձեն համոզված է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ստիպել են այս որոշումը կայացնել որոշ «օլիգարխիկ ուժեր, որոնք հիմնարար ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական ինստիտուտների վրա»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն էլ պատասխանել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ասելով.
«Միացյալ Նահանգներում, ի տարբերություն աշխարհի որոշ երկրների, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունն է, որ կայացնում է մեր քաղաքական որոշումները, և ուրիշ ոչ ոք», – ասել էր Միլլերը երեքշաբթի կայացած ճեպազրույցում: