Վրացի և օտարերկրյա քաղաքական գործիչները հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեի սպանությունը կապում են վրացական իշխանությունների օրակարգի հետ, որը ծառայում է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրական վերաբերմունքին։
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը, ով այս օրերին գտնվում է Թբիլիսիում, «ամոթալի» է անվանել Վրաստանում վերջերս ԼԳԲՏ իրավունքների սահմանափակմանն ուղղված օրենքների փաթեթը և իշխող կուսակցությանը անվանել «վրացական մղձավանջ»։ Ռոթը կոչ է արել չեղարկել նախաձեռնությունը՝ դրանով իսկ կրկնելով պաշտոնական Բեռլինի դիրքորոշումը։
Բեռլինը Վրաստանի իշխանություններին կոչ է արել փոխել կուրսը «ԼԳԲՏ քարոզչությունը» արգելող օրենքի ընդունումից հետո:
«Ատելություն սերմանողները բռնություն կհնձեն։ Կեսարիա Աբրամիձեն սպանվել է: Վրաստանի խորհրդարանը հակա ԼԳԲՏ օրենք ընդունելուց ընդամենը մեկ օր անց։ Ես խորապես ցնցված եմ և կոչ եմ անում իշխող վրացական մղձավանջ կուսակցությանը անհապաղ հետ կանչել ամոթալի օրենքը»,- գրել է գերմանացի քաղաքական գործիչը X-ի իր էջում։
Իր հերթին, ընդդիմադիր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն կարծում է, որ սպանությունը իշխանությունների կողմից Վրաստանում պարտադրված «հոմոֆոբ պատմվածքի» արդյունք է։
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ նման ողբերգությունները դաժան, հոմոֆոբ և պարտադրված պատմվածքի արդյունք են, որը բորբոքում է ատելությունն ու արհամարհանքը այս երկրում և գալիս է «Վրացական երազանքից»: Այս ատելությունը, անմիաբանությունը, առճակատումը, որի վրա այսօր կանգնած է Վրացական երազանքը, պետք է ավարտվի հոկտեմբերի 26-ի ընտրություններով։ Արդեն պետք է լինեն բավականաչափ ողբերգություններ՝ հասկանալու համար երկրում տիրող բարդ իրավիճակը»,- ասել է Կուպրաձեն Pirveli հեռուստաալիքի եթերում։
Նախօրեին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասի իր բնակարանում մահացած էին գտել 37-ամյա Կեսարիային։ Կինը դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել:
Ոստիկանությունը պարզել է հարձակվողի ինքնությունը: Լրատվամիջոցները հայտնել են, որ նա մինչև 30 տարեկան տղամարդ է, և հինգշաբթի առավոտյան նրան բերման են ենթարկել։
Վարկածներից մեկի համաձայն՝ Կեսարիան նրա հետ երկարաժամկետ հարաբերությունների մեջ է եղել։ Կինը երբեք ցույց չի տվել զուգընկերոջը:
Ենթադրվում է, որ սպանության պատճառը նրա հետ համատեղ լուսանկարն է եղել։ Սպանությունից կարճ ժամանակ առաջ Կեսարիան այն կիսել է Instagram-ում, ավելի ուշ այն չի գտնվել էջերում:
Միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դիտավորյալ սպանության հոդվածով։ Մինչ այժմ գործը չի դասակարգվել որպես գենդերային դրդապատճառներով ատելության հանցագործություն:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին նշել է, որ իրավապահ մարմինների արձագանքը նման փաստերին պետք է շատ խիստ լինի։