Նինոծմինդայի մունիցիպալիտետում մինչ այսօր պահպանվում են հայկական ավանդույթները, որոնք ներկայիս սերունդներին հասել են ավագ սերնդից։
Հնում ապրելը շատ դժվար է եղել, այդ իսկ պատճառով տնային տնտեսուհիներին դժվար է եղել կերակրել ընտանիքի անդամներին։ Նրանք ձեռքի տակ ունեցել են միայն հացահատիկ և փորձել են դրանից պատրաստել տարատեսակ ուտեստներ։
Մեր այսօրվա նյութում մենք կպատմենք փոխինձի և ձավարի պատրաստման բարդ գործընթացի մասին։ Օրինակ ցորենը, գարին մաղելուց հետո թոնրի կրակի վրա բովում են այնքան, որ համաչափ բովվի և չվառվի, հետո տանում են ջրաղաց մանրացնելու։ Բոված հացահատիկը փոխինձի համար մանրացնելուց հետո այն պատրաստ է ամբողջ տարվա համար օգտագործման։
Այն հիմնականում պատրաստվում է հետևյալ կերպ՝ չոր փոխինձը լցնում են թասի մեջ, վրան լցնում են եռման ջուր, փայտյա գդալով հունցում են մինչև ստացվի թանձր զանգված և ըստ նախասիրության ավելացնում են հալած յուղ և շաքարաջուր կամ հալեցրած մեղր։ Հիմնականում այն կիրառվում է որպես նախուտեստ, շատ հարգի է և սիրված տեղաբնակների կողմից։
Ձավարը նույնպես նինոծմինդացիները պատրաստում են մեծ քանակությամբ, որպեսզի ամբողջ ձմեռ օգտագործեն տարբեր ուտեստների համար։ Ձավարը կիրառում են թանապուրի, պասուց տոլմայի, ձավարի աղացած տարբերակից (բլղուրից) պատրաստում են խաշիլ և ապուր, ավելացնում են նաև ավելուկով բանջարին։
Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում ոչ միայն պահպանվում է, այլ նաև ակտիվորեն կիրառվում է հնուց եկած ավանդույթները։ Յուրաքանչյուր թորիացի տանտիկին իր պարտքն է համարում ամեն աշուն նախապատրաստվել երկար և ցուրտ ձմռանը և պատրաստել ավանդական ձավարը և փոխինձը։
Տիկին Համասը կիսվեց, թե ինչպես է ինքը երկար տարիներ պատրաստում ավանդական դարձած հացահատիկային ուտեստները։ Պատմում է, թե ինչպես է սովորել իր սկեսուրից և իր պարտքն է համարում այսօր էլ պատրաստել իր ընտանիքի համար։
Տիկին Համասը կոչ է անում, ինչու չէ նաև հորդորում երիտասարդներին նույնպես հետևեն իրենց օրինակին՝ շարունակեն և պահպանեն դարերից եկած ավանդույթները։