Եվրամիությունը պատրաստ է չեղարկել համաձայնագիրը, որը Վրաստանի քաղաքացիներին մայրցամաքում ազատ ճանապարհորդելու իրավունք է տալիս,- այս վերնագրով ծավալուն հոդված է հրապարակում POLITICO-ն։
Հրատարակությունը գրում է, որ դա վկայում է Բրյուսելի և ԵՄ անդամակցության համար երբեմնի ամենահեռանկարային երկրի հարաբերությունների զգալի խզման մասին։
Հինգշաբթի օրը POLITICO-ի հետ զրույցում Եվրահանձնաժողովի խոսնակն ասել էր, որ «բոլոր տարբերակները սեղանին են», եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի ավտորիտար հետագիծը, «ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը»:
«Եվրամիություն-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման շրջանակներում Վրաստանը պարտավոր էր կատարել կոնկրետ չափանիշներ, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխումը»,- ասել է խոսնակը։
Հոդվածում խոսվում է կիրառվող բռնությունների, խտրական օրենքների և դրա սուր հետևանքների մասին։ Այստեղ խոսվում է նաեւ Կեսարիա Աբրամիձեի սպանության մասին։
Շաբաթվա սկզբին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ռուսական ոճի օրենքների ընդունումից հետո։
Այս տարվա սկզբին իշխանությունները դաժանորեն ճնշեցին խաղաղ ցուցարարներին, ովքեր բողոքում էին օրինագծի դեմ, որը Արևմուտքի կողմից աջակցվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին ճանաչելու է որպես օտարերկրյա գործակալներ: Վրաստանի թեկնածությունը Եվրամիությունում փաստացի սառեցվեց խորհրդարանում այն ընդունելուց հետո։
Այնուհետև, երեքշաբթի օրը, «Վրացական երազանքի» պատգամավորները դեմ քվեարկեցին Մոսկվայի կողմից ոգեշնչված «ԼԳԲՏ քարոզչության» օրինագծին, որն արգելում է միասեռական հարաբերությունների մասին հրապարակային հիշատակումները, այդ թվում՝ հպարտության միջոցառումների ժամանակ և ֆիլմերի գրաքննությունը:
Երկրի ամենահայտնի տրանսգենդեր կինը՝ 37-ամյա Կեսարիա Աբրամիձեն, սպանվել է օրենքի ընդունումից հետո երկրորդ օրը»,- ասվում է հոդվածում։