Լատվիացի Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիչարդս Կոլսը նամակ է հրապարակում X-ում, որը 30 եվրապատգամավորներ ուղղել են եվրահանձնակատար Վարհեյին։
Եվրոպացի խորհրդարանականները նշում են, որ Վրաստանում ստեղծված տագնապալի իրավիճակի լույսի ներքո պետք է մոբիլիզացվի ընտրությունների ավելի ուժեղ դիտորդական առաքելություն։
«Մենք՝ ստորագրող անդամներս, ընդգծում ենք Վրաստանում կայանալիք ընտրություններին ԵՄ-ի ուժեղ և վճռական արձագանքի անհրաժեշտությունը: Կոչ ենք անում ձեզ հստակ ասել, որ ցանկացած միջամտություն ժողովրդավարական գործընթացին կունենա անմիջական և ծանր հետևանքներ:
Վրաստանը յուրահատուկ դիրք է գրավում Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ «Նրա արևմտամետ նկրտումները, որոնց աջակցում է վրացիների 80%-ը, վտանգի տակ են հայտնվել «Վրացական երազանքի» կառավարության վերջին ավտորիտար քայլերի պատճառով»,- ասված է նամակում։
Եվրախորհրդարանի պատգամավորները հատկապես մտահոգված են ռուսական օրենքի ընդունմամբ, որը, նրանց կարծիքով, նպատակ ունի խարանել և հետապնդել քաղաքացիական հասարակությանը:
«Չնայած կառավարությունն ասում է, որ այս օրենքը կոչված է բարձրացնելու թափանցիկությունը, Ֆինանսների նախարարությունն արդեն վերահսկում է օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը, հետևաբար, այս օրենքը, կարծես, վարկաբեկելու միջոց է օտարերկրյա ֆինանսավորում ստացող և իրենց շահերին հակառակ գործող ՀԿ-ներին: Նման մարտավարությունը նման է ավտորիտար ռեժիմների, հատկապես Ռուսաստանի մարտավարությանը, և լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանի ժողովրդավարական գործընթացների համար։
Ի պատասխան այս տագնապալի իրավիճակի՝ մենք առաջին հերթին առաջարկում ենք ուժեղացված դիտորդական առաքելություն։ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը պետք է հատուկ ընդլայնվի քաղաքային կենտրոններից դուրս՝ այն գյուղերում, որտեղ ընտրախախտումների հավանականությունը մեծ է։ Դիտորդները պետք է ներկա լինեն ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև նախընտրական և հետընտրական շրջանում, քանի որ մանիպուլյացիա հաճախ տեղի է ունենում քարոզարշավի ընթացքում կամ արդյունքների հրապարակումից հետո»,- ասված է նամակում։
Եվրախորհրդարանի պատգամավորները Վարհեյին առաջարկում են չորս կետից բաղկացած գործողությունների ծրագիր Վրաստանում ոչ ժողովրդավարական ընտրությունների դեպքում։
ԵՄ ֆինանսական աջակցության կասեցում.
Պատժամիջոցներ առանցքային անձանց նկատմամբ.
ԵՄ-ում Վրաստանի թեկնածության պաշտոնական վերանայում.
Հանրային դիվանագիտություն և հաղորդակցություն.
Փոխանցում է mtavari tv-ն։