Ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին․ Բագրատ սրբազան

Ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին․ Բագրատ սրբազան

Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն։ Այդ մասին սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հավաքին հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի պետական և ազգային շահերի դիրքերից»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նա ասաց, որ շարժումը նոր է սկսվում. «Եթե որևէ մեկի համար այն քաղաքական պայքար է, ապա ինձ համար այս շարժումը կյանք է»,- շեշտեց ընդդիմության առաջնորդը։

Ըստ Բագրատ սրբազանի՝ ակտիվ պայքարի շրջանը սկսվելու է հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում: Այսպիսով, նրանք մտնում են պայքարի հետևողական փուլ:

«Արցախի հարցը պետք է բերել միջազգային օրակարգ»

Բագրատ սրբազանի խոսքով՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է հաստատել բացառապես Արցախյան հիմնախնդիրը միջազգային օրակարգ բերելով։

Նա նաև կարևոր համարեց արցախցի ժողովրդին հավաքական կերպով անվտանգ ու արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքի վերականգնման հարցը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող գերիներին ու պատանդված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելու աշխատանքը։

«Հայաստանը պետք է հրաժարվի հակադրումներով արտաքին քաղաքականությունից։ Վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին։ Արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն ուժային կենտրոնների համադրման և ոչ թե հակադրման սկզբունքով»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։

«Նույն անձը հայկական զորքերին նահանջի հրաման տվեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատվության պատ, ասաց, թե ծառերը կպաշտպանեն մեզ։ Այդ նույն օրերին թշնամի պետության առաջնորդը մեր հայկական Շուշիում և Ստեփանակերտում իր հյուրերին ցույց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել»,- ասաց Դանիելյանը։

Civilnet.am