Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվում է նոր գրասենյակ

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվում է  նոր գրասենյակ

Վրաստանում ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները ծանոթացել են Կախեթի մարզում իրականացվող համայնքային ծրագրերի ընթացքին

Վրաստանում ԵՄ պատվիրակության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները նախորդ շաբաթ միասին գտնվում էին Կախեթի մարզում՝ ընդգծելու Վրաստանի գործընկերների ազդեցությունը տեղական համայնքների վրա:

Համատեղ այցի ընթացքում Վրաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչն ու Վրաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջոն Էյ. Փեննելն ընդգծեցին ԵՄ եւ ԱՄՆ ՄԶԳ զարգացման նախագծերի կայունությունն ու երկարաժամկետ ազդեցությունը, որոն նպաստում են տնտեսական աճին, սոցիալական համախմբվածությանն ու դիմակայունությանը Կախեթի համայնքներում։

Պատվիրակությունը եղել է կրթական, սոցիալական եւ քաղաքացիական խնդիրներին, տնտեսական աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը նվիրված մի շարք նախաձեռնություններում, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ տեղական քաղաքացիական առաջնորդների հետ:

«ԵՄ-ն խորապես հավատարիմ է մնում Վրաստանի ժողովրդին աջակցելուն, որտեղ բոլոր մարզերի տեղական համայնքների հետ մեր գործընկերությունն իրական փոփոխություն է բերում»,- ասել է Նիկոլաս Ցենդրովիչը:

Այս այցին հուլիսին նախորդել էին այցելություններ Շիդա Քարթլի եւ Իմերեթի մարզեր: Երկու այցերն էլ ի ցույց են դրեկ ԵՄ-ի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ջանքերի զգալի ազդեցությունը: 

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվում է Զուգդիդում գտնվող նոր գրասենյակ

Ս.թ. սեպտեմբերի 6-ին Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (ԵՄԴԱ) պաշտոնապես տեղափոխվել է Զուգդիդում գտնվող իր նոր դաշտային գրասենյակ: ԵՄԴԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սա «նշանակալի հանգրվան» է առաքելության շարունակական ջանքերում՝ աբխազական վարչական սահմանային գծի երկայնքով իր գործառույթներն իրականացնելու առումով։

Ցոտնե Դադիանի 25 հասցեում գտնվող նոր դաշտային գրասենյակը հարմարեցված է ԵՄԴԱ-ի փոփոխվող կարիքները բավարարելու համար: Նոր գրասենյակը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, հաղորդակցման առաջադեմ գործիքներով եւ անվտանգության ուժեղացված միջոցներով:

Գրասենյակի բացման արարողության ժամանակ առաքելության ղեկավար Բետինա Պատրիսիա Բուգանին նշել է. «Այս քայլը ավելին է, քան աղյուսն ու շաղախը: Այս նոր շենքը Վրաստանում խաղաղությանն ու կայունությանը մեր երկարատեւ նվիրվածության խորհրդանիշն է: Մասնավորապես, այն աբխազական վարչական սահմանագծի երկայնքով հակամարտությունից տուժած համայնքներին աջակցելու մեր շարունակական հանձնառության առհավատչյան է»:

Թավիսուպլեբա 8 հասցեում գտնվող նախորդ դաշտային գրասենյակը, որն օգտագործվում էր 2008 թվականի դեկտեմբերից, գրեթե 16 տարի կենտրոնական դեր է խաղացել ԵՄԴԱ-ի գործունեության ընթացքում: Այս ամբողջ ժամանակահատվածում ԵՄԴԱ-ն իր ներդրումն է ունեցել Վրաստանում կայունության ապահովման գործում՝ իր շուրջօրյա մշտադիտարկման ներկայությամբ, վստահության ամրապնդման ջանքերով եւ անաչառ հաշվետվություններով:

Թբիլիսիում պատվի են արժանացրել Եվրոպական ժառանգության մրցանակի վրացի հաղթողին

Ս.թ. սեպտեմբերի 7-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հովանու ներքո Թբիլիսիի նախագահական պալատում կազմակերպվել էր հատուկ միջոցառում՝ ի նշանավորումն 2024 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի հաղթողներից «Քաղաքացիների կողմից Ցիսկարաուլի աշտարակի վերականգնում» (Ախիելի, Վրաստան) նախագծի։ Այս մրցանակը, որը Եվրոպայում ամենահեղինակավորն է իր տեսակի մեջ, համաֆինանսավորվում է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի կողմից:

Վրացական նախագիծը մրցանակի է արժանացել «Քաղաքացիների ներգրավվածություն եւ իրազեկման բարձրացում» անվանակարգում՝ Խեւսուրեթում գտնվող Ցիսկարաուլի աշտարակի փրկության աշխատանքների համար, որը խոցվել էր ռուսական հրթիռից։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը, դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ եւ ժառանգության նվիրյալների լայն շրջանակ:

«Եվրոպական միությունը հարգանք է տածում Վրաստանի յուրահատուկ մշակույթի նկատմամբ եւ առաջ է մղում այն։ Դա ներառում է Վրաստանի ստեղծագործական հատվածների պահպանման եւ զարգացման համար ֆինանսավորումը»,- նշել է Նիկոլաս Ցենդրովիչը։ «Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Վրաստանը կշարունակի իր ճանապարհը դեպի ԵՄ, որպեսզի մի օր Վրաստանի արտասովոր մշակութային ժառանգությունը դառնա Եվրոպական միության անբաժանելի մասը»:

Ցիսկարաուլիի աշտարակի վերականգնումը վրացի եւ եվրոպացի մասնագետների եւ երիտասարդ կամավորների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այն իրականացվել է Վրաստանի ազգային հիմնադրամի կողմից՝ Ազգային հիմնադրամների միջազգային կազմակերպության (INTO, Մեծ Բրիտանիա), REMPART-ի (Ֆրանսիա) եւ «Սեդլեցինի դքսական աշտարակ» ասոցիացիայի (Լեհաստան) հետ՝ ALIPH-ի (Հակամարտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինք) ֆինանսական աջակցությամբ:

Ժառանգության աջակիցներն ու նվիրյալներն այժմ կարող են «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության շրջանակում քվեարկել առցանց՝ որոշելու համար, թե ով կդառնա 2024 թվականի «Լսարանի համակրանք» անվանակարգի հաղթողը, որն իրավունք ունի ստանալ 10,000 եվրո դրամական պարգեւ: Դուք կարող եք քվեարկել մինչեւ սեպտեմբերի 22-ը։

ՀՀՏԶ-ն՝ Վրաստանում. ԵՄ-ի աջակցությամբ անցկացված մրցույթի հաղթողը կմասնակցի Ստարտափների աշխարհի գավաթին

Վրացական 12 ստարտափներ օգոստոսի վերջին իրենց նորարարությունները ցուցադրել են Բաթումում տեղի ունեցած Վրացական ստարտափ գագաթաժողովում եւ Ստարտափների աշխարհի գավաթի տարածաշրջանային մրցույթում։

Այս տարվա հաղթողը TelAgri-ն է՝ ստարտափ, որը կապում է ֆերմերներին եւ մասնագետներին փորձի փոխանակման համար: Ընկերությունը հոկտեմբերին կմեկնի ԱՄՆ Սիլիկոնյան հովիտ՝ ներկայացնելու Վրաստանը Ստարտափների աշխարհի գավաթում։

Գագաթնաժողովի նպատակն է ընդլայնել ստարտափների էկոհամակարգը Վրաստանում։ Նման միջոցառումների շնորհիվ տեղական ստարտափները ստանում են այն ճանաչումն ու աջակցությունը, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր Startup Connect-ի կողմից՝ Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ՄԱԶԾ վրաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) նախաձեռնության շրջանակներում:

Գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակ. բաց է Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի համար

Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների եւ նորարարությունների հարցերով գլխավոր տնօրինությունը (DG Research and Innovation) մեկնարկել է հայտամրցույթ գենդերային հավասարության չեմպիոնների շրջանում։

Այս մրցանակը շնորհվում է գենդերային հավասարության պլանների (GEP) իրականացման արդյունքում ձեռք բերված ակնառու ձեռքբերումների համար՝ համալսարաններին, բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ հետազոտական ​​գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին (պետական ​​կամ մասնավոր), որոնք հիմնադրվել են ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպային» ասոցացված երրորդ երկրում (ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան):

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 16-ը առցանց դիմել Ֆինանսավորման եւ մրցույթների պորտալի միջոցով:

Մրցանակային անվանակարգերը երեքն են՝ «Կայուն գենդերային հավասարության չեմպիոններ», «Նորելուկ գենդերային հավասարության չեմպիոններ» եւ «Ներառական գենդերային հավասարության չեմպիոններ»: Դիմորդները կարող են դիմել երեք անվանակարգերից միայն մեկին, իսկ նախորդ մրցույթների հաղթողները չեն կարող կրկին դիմել մեկ այլ կատեգորիայի:

Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2025 թվականին: Յուրաքանչյուր հաղթող կստանա գավաթ եւ 100,000 եվրո մրցանակ:

Ընդունելիության, համապատասխանության եւ մրցանակաբաշխության չափանիշները մանրամասն ներկայացված են Մրցույթի կանոններում:

Ֆրիլանսերների աջակցության սխեմա ֆրիլանսեր հետաքննողների միջազգային թիմերի համար

IJ4EU-ի ֆրիլանսերների աջակցության սխեման լրատվական կառույցներից դուրս աշխատող լրագրողական թիմերին տրամադրում է մինչեւ 20,000 եվրո դրամաշնորհներ, ինչպես նաեւ անհատական օգնության հավելյալ բարձիկ, որը ներառում է ուսուցման, մենթորության եւ գործնական կապերի զարգացման հնարավորություններ:

Սխեմայի շրջանակում 2024/25 թվականներին, ընդհանուր առմամբ, կտրամադրվեն շուրջ 500,000 եվրոյի դրամաշնորհներ՝ ուսուցման, մենթորության եւ նեթվորքինգի հնարավորությունների հետ միասին: Սխեման ղեկավարում է Լրագրության եվրոպական կենտրոնը (EJC):

IJ4EU-ն բաց է ցանկացած թեմայով անդրսահմանային հետաքննական նախագծերի համար: Ի թիվս այլի, թեմաները ներառում են կոռուպցիան, ապօրինի հարստացումը եւ ֆինանսական հանցագործությունները, անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, շրջակա միջավայրը եւ կլիմայի փոփոխությունը, առողջապահությունը: Հայտերը պետք է հիմնավորեն հետաքննության առնչությունն իրավասու երկրների հանրային շահերին կամ ավելի լայն եվրոպական հանրային ոլորտին:

Հայտերը պետք է ներկայացնեն թիմերը, որոնք կազմված են առնվազն երկու ֆրիլանսեր լրագրողներից: Թիմերը պետք է ունենան անդամներ, որոնք գործում են IJ4EU-ի հիմնական ֆինանսավորումն ապահովող Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ամբողջական միջոլորտային ուղղությունը ստորագրած առնվազն երկու եվրոպական երկրներում: Իրավասու երկրները ներառում են ԵՄ անդամ բոլոր 27 երկրները եւ ԵՄ անդամ չհանդիսացող հետեւյալ երկրները՝ Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վրաստան, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Սերբիա եւ Ուկրաինա: Թիմի մյուս անդամները կարող են ապրել եւ աշխատել աշխարհի ցանկացած այլ երկրում:

Իրավասությունը կախված է բնակության վայրից (որտեղ դուք ապրում եւ աշխատում եք) եւ ոչ թե ազգությունից (քաղաքացիությունից):

Դրամաշնորհային ֆինանսավորումը կարող է օգտագործվել լրագրողական բովանդակության հետաքննության եւ արտադրության մշակման, ավարտի եւ հրապարակման համար անհրաժեշտ ցանկացած ծախսի համար, ներառյալ աշխատավարձի եւ մարդկային ռեսուրսների ներգրավման հետ կապված ծախսերը, հետազոտության հետ կապված ծախսերը, թարգմանության եւ ճանապարհորդության ծախսերը: Միակ բացառությունը վերաբերում է սարքավորումների (ապարատային) ծախսերին, որոնք ֆինանսավորման ենթակա չեն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 28-ը: Հաջորդ կոչը կմեկնարկի 2025 թվականի հունվարի 13-ին։

Սկսվել է EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ֆորումի համար գրանցումը

Մեկնարկել է այս տարվա EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ֆորումի համար գրանցումը, որը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 9-ին «Արեւելյան գործընկերության կլաստերների կարողությունների զարգացում թվային նորարարություններին աջակցելու համար» խորագրի ներքո:

Ֆորումը նախատեսված է քաղաքականություն մշակողների, ստարտափների, նորարարական կլաստերների եւ կլաստերների կառավարման կազմակերպությունների, միջազգային դոնորների եւ թվային նորարարության եւ զարգացման հարցերով փորձագետների համար։

EU4Digital-ի 2024 թվականի նորարարական ֆորումը կազմակերպվել է Եվրոպական կլաստերների դաշինքի (ECA) հետ համագործակցությամբ եւ անցկացվելու է հիբրիդային ձեւաչափով, հիմնականում՝ առցանց։ Մասնակիցների մի մասը միջոցառմանը կմիանա Քիշնեւում (Մոլդովա): Այն կանցկացվի «Կլաստերների եւ տարածաշրջանների հանդիպում» միջոցառմանը զուգահեռ, որը կազմակերպվել է Եվրոպական կլաստերների համագործակցության հարթակի եւ «ԵՄ-ն Մոլդովայի համար. առանցքային տարածաշրջաններ» (EU4Moldova Focal Regions) ծրագրի կողմից:

Այս բարձր մակարդակի ամենամյա ֆորումը միավորում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի ՏՀՏ նորարարությունների եւ ստարտափ էկոհամակարգերի առաջնորդներին, ներառյալ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին եւ այլ փորձագետներին: Ֆորումն ամեն տարի կենտրոնանում է տարածաշրջանի ՏՀՏ նորարարությունների եւ ստարտափ էկոհամակարգի զարգացման տարբեր կարեւոր ասպեկտների վրա։ 2024 թվականի ֆորումի ուշադրության կենտրոնում են նորարարական կլաստերները:

Դրամաշնորհներ տեղական անդրսահմանային հետաքննող լրագրողական թիմերի համար

ԵՄ կողմից աջակցվող Տեղական մակարդակում անդրսահմանային հետաքննական լրագրության ծրագիրը մեկնարկել է մի քանի վերջնաժամկետներով հայտամրցույթ՝ աջակցելու պրոֆեսիոնալ լրագրողների եւ/կամ լրատվամիջոցների հետաքննող թիմերին:

Դրամաշնորհային ծրագիրը բաց է առնվազն երկու տարբեր եվրոպական երկրներ ներկայացնող տեղական հետաքննող լրագրողների եւ/կամ տեղական լրատվամիջոցների թիմերի համար, որոնք ունեն լավ գաղափարներ տեղական մակարդակում անդրսահմանային հետաքննության համար: Օրինակ՝ տարբեր համադրելի քաղաքների լրագրողները եւ/կամ լրատվամիջոցները հետաքննում են, թե ինչպես են իրենց քաղաքները հաղթահարում, օրինակ՝ բնակարանային, թափոնների, զբոսաշրջության, շարժունակության եւ այլ հիմնախնդիրները։

Այս դրամաշնորհային ծրագիրը բաց է առնվազն երկու տարբեր երկրներում բնակվող կամ գործող տեղական լրագրողների/լրատվամիջոցների համար: Նյութի սյուժեին վերաբերելի լինելու դեպքում թիմում կարող են ընգրկվել նաեւ Եվրոպայից դուրս ապրող/գործող անդամներ։

Միավոր հայտամրցույթի շրջանակում ընդհանուր հասանելի գումարը կկազմի մոտ 209,000 եվրո, որը պետք է բաշխվի բոլոր աջակցվող հետաքննությունների միջեւ: Գործնականում դրամաշնորհների չափը կարող է տատանվել, օրինակ՝ ավելի փոքր հետաքննությունների համար 2,000 եվրոյից մինչեւ 10,000 եվրո կամ նույնիսկ ավելի շատ՝ բազմաթիվ երկրների խմբագրություններ ներառող խոշոր հետաքննությունների համար։

Եվրոպական անդրսահմանային դրամաշնորհները տրամադրվում են Journalismfund.eu-ի կողմից՝ Եվրոպական միության, Limelight Foundation-ի եւ Vereniging Veronica-ի ֆինանսավորմամբ:

Դրամաշնորհային միջոցները կարող են ուղղվել աշխատանքային ժամանակի եւ նյութապահովման, ճանապարհորդության, ապահովագրության, իրավական աջակցության հասանելիության, թարգմանությունների, տեխնոլոգիաների եւ տվյալների հավաքածուների հասանելիության եւ այլ ծախսերի ծածկմանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 26-ն է: Հաջորդ վերջնաժամկետը կլինի նոյեմբերի 7-ը։

Radio NOR · Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվում է նոր գրասենյակ

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք