Վրաստանում 2025 թվականից դպրոցներում հիմնական կրթության մակարդակը կավելանա մեկ տարով և կդառնա 4 տարի, իսկ միջնակարգ կրթության մակարդակը կլինի 2 տարի՝ ներկայիս 3 տարվա փոխարեն։ Մասնավորապես, տարրական մակարդակը կլինի 6 տարի՝ I-VI դասարաններ, հիմնականը՝ 4 տարի՝ VII-X դասարաններ և միջնակարգը՝ 2 տարի՝ XI և XII դասարաններ։ Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության՝ հիմնական մակարդակը հաղթահարելու համար աշակերտը պետք է ոչ թե ավարտի 9-րդ դասարանը (ինչպես նախկինում էր), այլ՝ 10-րդ դասարանը։
Հատկանշական է, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից։
Կարևոր է նշել, որ հանրակրթության հիմնական մակարդակի տևողության փոփոխությունը կազդի նաև այն աշակերտների վրա, ովքեր 2024-2025 ուստարում կլինեն 9-րդ դասարանում։ Ինչպես կարդում ենք օրենքում՝ այն աշակերտները, որոնց աշակերտի կարգավիճակը կասեցվել է հանրակրթական միջնակարգ մակարդակի X-րդ դասարանում՝ ներառյալ 2024-2025 ուստարում, և ովքեր վերականգնում են այդ կարգավիճակը 2025-2026 ուսումնական տարվանից, ապա կրթությունը կշարունակեն միջնակարգ մակարդակի XI դասարանում։
Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակը՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունն է, իսկ նախաձեռնողը՝ Վրաստանի կառավարությունը։ jnews.ge