«Ամերիկայի Ձայն»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 25-ին Բայդենի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից աշխարհի առաջնորդների և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ավանդական ընդունելությանը։
Ըստ հրապարակման՝ Իրակլի Կոբախիձեն սկզբում ընդգրկված էր ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն հետագայում նշված հրավերը չեղարկվել է։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաստատել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և Կոնգրեսի մեկ այլ աղբյուր:
Բացի այդ, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, Բայդենի վարչակազմը հրաժարվել է վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից, իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես հրաժարվել է հանդիպել Կոբախիձեի հետ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ «Վրաստանի կառավարության վերջին գործողություններն ու հայտարարությունները ցույց են տալիս ցնցող անհարգալից վերաբերմունք ժողովրդավարության և վրաց ժողովրդի կամքի նկատմամբ»։
Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, հրավերի չեղարկման պատճառ են հանդիսացել Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները, այդ թվում՝ ռուսական օրենքի ընդունումը, հակակոռուպցիոն բյուրոյի գործողությունները հասարակական կազմակերպությունների դեմ և հայտարարությունները. իշխող ուժը՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման մասին։