Ի՞նչ խնդիրների են բախվում գյուղատնտեսները բերքահավաքի ժամանակ

Ի՞նչ խնդիրների են բախվում գյուղատնտեսները բերքահավաքի ժամանակ

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ գյուղատնտեսները բախվում են մի շարք խնդիրների՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութատեխնիկական։

Աշխատուժի պակասը, եղանակային վատ պայմաններից վախը, սեփական բերքը ժամանակին հասցնել հավաքելը շտապեցնում է ֆերմերներին։ Սակայն, դժվար է բերքահավաքի թեժ ընթացքին անհրաժեշտ աշխատուժ հավաքել,  որն ուղիղ ազդում է նաև աշխատուժի վարձատրության վրա։ Ֆերմերները ջանքեր են գործադրում բավականաչափ «ձեռքեր» գտնելու՝ ժամանակին բերքահավաքը ավարտելու համար, այդպիսով՝ մեծացնելով ավելի թանկ աշխատուժից կախվածությունը:

Մեզ հետ զրույց ունեցած ֆերմերներից մեկը նշում է՝ երբ նոր էր սկսել բերքահավաքը, աշխատողներին վճարում էր օրական 50-60 լարի, իսկ հիմա ստիպված է վճարել 60-70 լարի։ Նա նաև ավելացնում է, որ պարարտանյութերի, թունաքիմիկատների և վառելիքի թանկանալը հանգեցրել է կարտոֆիլի ինքնարժեքի բարձրացմանը:

Ախալքալաքում խնդիր է նաև կարտոֆիլի իրացումը՝ ժամանակին ու շահավետ։

Ինչպես անցած տարիներին է եղել, այնպես էլ հարևան երկրներից ներկրվող կարտոֆիլը որոշիչ ազդեցություն է ունենում  տեղական արտադրանքի գնի վրա։ Տեղի ֆերմերները չեն կարողանում շահութաբեր գներով վաճառել իրենց արտադրանքը։

Եթե, օրինակ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում  տաս օր առաջ մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվում էր 60-70 թեթրիով, ապա այս պահին գները տատանվում են 45-55 թեթրիի սահմաններում։ jnews.ge