ԱՄՆ-ն պարզաբանել է, թե ինչու է չեղարկել Կոբախիձեի հրավերը

ԱՄՆ-ն պարզաբանել է, թե ինչու է չեղարկել Կոբախիձեի հրավերը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ Բայդենի վարչակազմը հրաժարվել է մասնակցել վրացական պատվիրակության հետ հանդիպումներին և չեղարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի ընդունելության հրավերը։

«Բայդենի վարչակազմը չեղյալ է համարել վարչապետ Կոբախիձեի հրավերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան ընդունելությանը և հրաժարվել է հանդիպել վրացական պատվիրակության հետ՝ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների, ապատեղեկատվության և ԱՄՆ-ի ու Արևմուտքի մասին բացասական հռետորաբանության պատճառով»,- «Netgazeti» լրատվամիջոցին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ հյունընկալելու է համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ընդունելությանը հրավիրված էր նաև Վրաստանի վարչապետը, սակայն «Ամերիկայի ձայն»-ը հայտնել է Կոբախիձեի հրավերի չեղարկման մասին։ ԱՄՆ վարչակազմը նույնպես հրաժարվել է վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես չի հանդիպի վարչապետ Կոբախիձեի հետ։

Մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելը, Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանին և մտահոգություն հայտնել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կապակցությամբ։ Կոբախիձեի խոսքով, «այդ որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական սահմանին, և նմանատիպ մեկ այլ որոշման կայացման դեպքում կարող է վրաց-ամերիկյան հարաբերությունների նկատմամբ Վրաստանի դիրքորոշումը որակապես վերանայվել»։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա մայիսին «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել էր Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպումից։ aliq.ge