Վրաստանն ու Հունաստանը պայմանագիր են ստորագրել վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին

Վրաստանն ու Հունաստանը պայմանագիր են ստորագրել վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին

Վրաստանն ու Հունաստանը պայմանավորվել են ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման շուրջ։ Համապատասխան համաձայնագիրը Աթենքում ստորագրել են Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին և Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Խրիստոս Ստայկուրասը։

«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերից մեկի կողմից տրված վավեր վարորդական իրավունքի վկայական ունեցող անձինք կկարողանան ստանալ համարժեք վարորդական վկայական իրենց օրինական բնակության երկրում՝ առանց տեսական կամ գործնական թեստ անցնելու», – ասված է հաղորդագրությունում:

Համաձայնագիրը վերաբերում է AM, A1, A2, A, B, B1, B+E, C1, C, D1, D1+E, D և D+E կատեգորիաների իրավունքներին: Նրանց փոխանակումը հնարավոր կլինի առանց տեսական կամ գործնական քննություններ հանձնելու։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի համապատասխան իրավական ընթացակարգերի ավարտից անմիջապես հետո։

Վրաստանը վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ նմանատիպ համաձայնագրեր է կնքել Իսպանիայի և Իռլանդիայի հետ։