Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում հատկապես վերջին շրջանում ակտիվորեն թափառող շներ են բազմանում, ինչը լուրջ վախ ու անհանգստություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում։ Բնակիչների խոսքով՝ շները հաճախ իրենց ագրեսիվ են պահում, նրանց հարձակման վտանգը սպասվում է ամեն պահի, հատկապես այն երեխաներին, ովքեր ամեն օր դպրոց են գնում։
Գյուղացիների խոսքով՝ թափառող շները հաճախ խմբերով են շրջում և իրական վտանգ են ստեղծում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։ «Երեխաներին մենակ դպրոց ուղարկելը շատ վտանգավոր է։ Շներն անկանխատեսելի են ու ամեն պահի կարող են հարձակվել»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Ամենից շատ մտահոգված են դպրոցականների ծնողները. Նրանք իրենք են փորձում երեխաներին դպրոց տանել։
Սամեբա գյուղի բնակիչները հույս ունեն, որ տեղական իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ և կարձագանքեն իրենց և իրենց երեխաների անվտանգությունն ապահովելու համար։