Ամերիկուհին կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան ամեն ինչում մեղադրել մի անօթևանի։ Այս մասին հայտնում է Complex-ը։
Մերիլենդ նահանգից Թալեկա Բրաունին մեղադրանք է առաջադրվել իր 13-ամյա դստեր նկատմամբ սպանության փորձի և զենքի անօրինական կիրառման համար։ Պարզվել է, որ 32-ամյա կինը նախ կրակել է աղջկա վրա, ապա համոզել նրան ստել կրակոցի հանգամանքների մասին։
Դեռահասը պարանոցի հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Ըստ ոստիկանության՝ նա սկզբում պնդել է, որ պատասխանատվությունը կրում է անօթևան տղամարդը:
Սակայն, աղջիկն այնուհետ հայտարարել է, որ դպրոցից տուն վերադառնալիս ինքն ու մայրը վիճել են։ Այնուհետ ծնողը աստիճաններից իջնելիս վիրավորել է դստերը, ապա ասել, որ իրավապահներին տեղեկացնի, որ տուն է մտել մի անօթևան և կրակ բացել։
Ներկայումս Բրաունը կալանավորված է։ Նշվում է, որ կինը կրկին փորձել է ազդել իր դստեր վրա՝ բանտից զանգահարելով նրան։ Նախաքննությունը շարունակվում է։