Ծնողները, ուսուցիչները, և աշակերտները հիասթափված են. արձագանքներ Ժդանովականից

Ծնողները, ուսուցիչները, և աշակերտները հիասթափված են. արձագանքներ Ժդանովականից

Ծնողները, ուսուցիչները և աշակերտները հիասթափված են Ժդանովականում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարային վիճակի պատճառով փակվում է Ժդանովականի հանրային դպրոցը։

«Դժվար օրերը դեռ առջևում են։ Շուտով ձմեռ է, ու գիտեք թե ինչ վիճակ է լինում Ժդանովականից Սամեբա տանող ճանապարհին։ Այդ ընթացքում շատ բացակայություններ կլինեն ու մեր երեխաները կտուժեն։ Չգիտեմ ինչ ասեմ։ Բոլորն էլ հիասթափված են` ծնողները, ուսուցիչները, աշակերտները»,-ասում է Ժդանովականի բնակիչը։

Ժդանովականի հանրային դպրոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ անորոշ ժամանակով դասապրոցեսը շարունակելու են Սամեբայի դպրոցում.

«Դպրոցն այդպես էլ չվերաբացվեց, այսօրվանից աշակերտները և դպրոցի անձնակազմը անորոշ ժամանակով դասապրոցեսը շարունակելու են Սամեբայի դպրոցում։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի…»,-նշված է գրառման մեջ։

Գրառմանը մեկնաբանել են ուսուցիչները՝ նշելով, որ հույսը վերջինն է մեռնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչների մոտ դժգոհություն էր առաջացել, որ երկար տարիներ դպրոցում վերանորոգում չի իրականացվել, ինչպես նաև արձակուրդներին այդ հարցով չեն հետաքրքրվել և միայն դասերը սկսվելուց հետո դպրոցը ճանաչվեց վթարային։

NOR ռադիոկայանը կշարունակի ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը։