ԱՄՆ Անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերն ասել է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը 180 աստիճանով շրջում է Վրաստանը եվրաինտեգրումից։
Ամերիկացի պաշտոնյան նախազգուշացրել է, որ եթե «Վրացական երազանքը» շարունակի քայքայել քաղաքացիական հասարակությունը, եթե ընտրություններն ազատ ու արդար չլինեն, ապա Միացյալ Նահանգները կշարունակի քայլեր ձեռնարկել «ժողովրդավարական նորմերը խախտողների դեմ»։
«Այն, ինչ այժմ անում է «Վրացական երազանքի» կառավարությունը, Վրաստանը 180 աստիճանով հեռացնում է եվրաատլանտյան ինտեգրումից։ Եթե նրանք շարունակեն քաղաքացիական հասարակությունը խարխլելու, հիմնարար ազատությունները ոտնահարելու, Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կիրառելու այս ճանապարհը, և եթե ընտրություններն ազատ և արդար չլինեն, նրանք մոտ ժամանակներում չեն միանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Եվ մենք կշարունակենք ձեռնարկել այն գործողությունները, որոնք ունենք՝ կապված մեր վիզային քաղաքականության և գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցների հետ, որոնք կիրառվում են ժողովրդավարական նորմերը խախտողների նկատմամբ»,- ասել է Քարփենթերը։
Վաշինգտոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ չպետք է այդքան մեծ անջրպետ լինի վրաց ժողովրդի՝ եվրոատլանտյան ապագայի ձգտումների և այն, ինչ անում է կառավարությունը ներկայումս։
«Ես ուզում եմ միանգամայն հստակ լինել. Այն, ինչ մենք տեսնում ենք տեղում, անընդունելի է»,- ասում է Մայքլ Քարփենթերը: