Անվճար ընդունելության կարևորությունը ուսանողների համար․ Նելլի Դումոյանի պատմությունը

Անվճար ընդունելության կարևորությունը ուսանողների համար․ Նելլի Դումոյանի պատմությունը

Անվճար ընդունելությունը կարող է հանգեցնել ավելի բարձր կրթական մակարդակի և ավելի հավասար հասարակության ձևավորմանը, ինչպես նաև վերանում են ֆինանսական խոչընդոտները՝ հեշտացնելով կրթություն ստանալու գործընթացը։

Անվճար ԲՈՒՀ ընդունվելը շատ դիմորդների համար երազանք է։ Շատերը հասնում են այդ երազանքին մեծ ջանքերի շնորհիվ, այդպիսի դիմորդներից է Նելլի Դումոյանը։

Նելլին՝ ծնունդով Նինոծմինդայի շրջանի գյուղ Ժդանովականից է, 17 տարեկան, սովորել և ավարտել է Ժդանովականի հանրային դպրոցում և անվճար ընդունվել Թբիլիսիի պետական համալսարան՝ 1+4 ծրագրով․

«Այս ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում բարձրագույն կրթություն ստանալու Վրաստանում, մասնավորապես՝ հեշտացնելով ազգային փոքրամասնությունների բուհական կրթությունը»,- ասում է Նելլին։

Ըստ քննության արդյունքների Նելլին վաստակել է 80-ից 66 միավոր․

«Արդյունքները և՛ անսպասելի էին, և՛ անասելի ոգևորող, ամրապնդելով իմ մեջ համոզմունքը, որ նվիրվածությունն ու  քրտնաջան աշխատանքը իսկապես վարձատրվում են»,- ասում է նա։

Իսկ այն հարցին թե, ո՞ր բաժնում պետք է սովորի, Նելլին մեզ հայտնեց, որ կրթություն ցանկանում է ստանալ անգլերենի, բանասիրության ուղղությամբ, քանի որ միշտ հետաքրքրված է եղել լեզուներով և գրականությամբ։

«Լեզուն, ինձ համար, ավելին է, քան պարզապես հաղորդակցման միջոց, այն կամուրջ է, որը կապում է տարբեր մշակույթները և խթանում է փոխըմբռնումը տարբեր ծագում ունեցող մարդկանց միջև։

Երբ ես նայում եմ առաջ, ես լցված եմ երազանքներով և նպատակներով, որոնցից ամենակարևորներից մեկն է կարիերան կրթության ոլորտում շարունակելը, որտեղ ես կարող եմ համատեղել իմ սերը լեզվի նկատմամբ մանկավարժությամբ զբաղվելու իմ ցանկության հետ»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նելլի Դումոյանը։

Նելլին դիմորդներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուր խոչընդոտ պետք է ընդունել որպես սովորելու և աճելու հնարավորություն։

«Ես համոզված եմ, որ կրթությունը և՛ անձնական, և՛ հասարակական աճի հիմնաքարն է ու իմ գործունեությամբ ցանկանում եմ  ոգեշնչել ապագա սերունդներին և դրականորեն նպաստել իմ համայնքի զարգացմանը»