Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն, ովքեր մշտապես բնակվում են Վրաստանում, ունեն Վրաստանում կացությունը հավաստող փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում, կարող են իրենց վրացական պետհամարանիշվներով մեքենաներով ՀՀ այցելել՝ առանց մաքսային մարմնի տնօրինած դեպոզիտային հաշվին գումար վճարելու։
ՀՀ ՊԵԿ-ից հայտնեցին՝ սույն կարգավորումը վերաբերում է նշված չափանիշներին համապատասխանող՝ Վրաստանում մշտապես բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Ըստ ՊԵԿ-ի` խնդրո առարկա ավտոտրանսպորտային միջոցները նշված կարգով կարող են ձևակերպվել ՀՀ բոլոր սահմանային մաքսային մարմիններում:
«Վրաստանում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ՀՀ քաղաքացիների կողմից կարող են Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվել միայն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը դրամական միջոցներով ապահովվելու դեպքում»,- հայտնեցին ՀՀ ՊԵԿ-ից:
Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ ժամանակավոր ներմուծում կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետություն անձնական (ընտանեկան) նպատակներով կարճատև այցելության համար անհրաժեշտ ժամկետով:
Նշենք՝ նման հայտարարություն սեպտեմբերի 18-ին տարածել էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Տեղեկացնում ենք, որ համաձայն գործող կարգի, Վրաստանում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ՀՀ քաղաքացիների կողմից կարող են Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվել միայն համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը դրամական միջոցներով ապահովելու դեպքում։ Սակայն, դրամական միջոցների տեսքով ապահովում չի պահանջվում, եթե Վրաստանում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում ՀՀ այն քաղաքացիների կողմից, ովքեր մշտապես բնակվում են Վրաստանում, ունեն Վրաստանում կացության իրավունքը հավաստող փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետություն են այցելում կարճ ժամկետով»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության մեջ: