Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքի համար աշխատուժի պակաս կա

Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքի համար աշխատուժի պակաս կա

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը եռում է: Չնայած բարձր վճարին, ֆերմերները չեն կարողանում աշխատուժ գտնել իրենց բերքը հավաքելու համար։ Այս տարվա բերքը լավ է եղել, բերքատվությունը համեմատաբար բարձր է, թեև դեռ դժվար է որոշել, բայց կարտոֆիլի գինը ցածր է։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․

Հոկտեմբերն Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի զանգվածային բերքահավաքի ամիսն է, ուստի տեղում աշխատուժ գտնելը մեծ խնդիր է, լրիվն աշխատում են իրենց հողամասերում։ Ամեն տարի ֆերմերները խոսում են աշխատուժի պակասի մասին, սակայն այս տարի այն հատկապես նկատելի է։ Բերքատվությունը բարձր է և ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ։ Բերքահավաքի սկզբում աշխատողներին վճարում էին 60-70 լարի, այժմ արդեն օրական վճարում են 70-80 լարի, բայց միևնույն է տեղում աշխատողներ գտնելը դժվար է։ Որոշները Վրաստանի այլ շրջաններից բրիգադ են վարձում, բայց ոչ բոլորին է հաջողվում աշխատուժ գտնել։

Չնայած բերքահավաքի համար բարենպաստ եղանակին, հոկտեմբերի 1-ին Դիլիսկա գյուղից Արշակ Գոգորյանը, աշխատողներ չգտնելու պատճառով, չի կարողացել կարտոֆիլը հավաքել։ Ըստ նրա, այս տարի բերքը լավ է, 1 կգ կարտոֆիլի գինը 40-45 թեթրի է, աշխատուժը՝ թանկ։

«Իմ աշխատանքն այսօր (հոկտեմբերի 1-ին) կանգ առավ, բանվորներ չգտա, ֆերմերը ծանր վիճակում է: 20 հեկտար կարտոֆիլի դաշտ ունեմ։ Այս տարի բերքը լավ է, գինը ցածր է, բայց լավ կլիներ, որ բերքատվությունը ցածր լիներ, իսկ գինը բարձր լիներ ու կարողանայինք բանվորներ գտնել»,- ասում է Արշակ Գոգորյանը։

Չամդուրա գյուղից Աղաս Մառանգոզյանը նույնպես չի կարողանում աշխատողներ գտնել՝ նույնիսկ լրատվամիջոցներով հայտարարությունից հետո։

«Բանվորներին 70 լարի եմ վճարում, բայց չեմ գտնում, հազիվ 3-4 հոգի եմ գտել, բայց 20 հեկտար ունեմ, էլի մարդ է պետք»,- ասում է Աղաս Մառանգոզյանը։

Հիմնականում կարտոֆիլ հավաքող խմբերը կազմված են հավաքողներից և բեռնողներից: Հավաքողները հավաքում են կարտոֆիլը տեխնիկայով քանդելուց հետո, իսկ բեռնողները կարտոֆիլով տոպրակները բեռնում են բեռնատար մեքենաների վրա: Հավաքողների և բեռնողների վարձատրության տարբերությունը միշտ 10 լարի է, բեռնողները հավաքողներից 10 լարիով ավելի են ստանում:

Տուրցխ գյուղում բեռնողների պակասի խնդրին լուծում են գտել, սակայն հավաքողների պակասը մնում է իրական խնդիր։

Տուրցխ գյուղից Աննա Ղևենյանն ասում է, որ իրենց գյուղում շատ բեռնողներ կան, քանի որ աշխատանքի են վարձում ոչ թե ամբողջ օրը, այլ օրվա վերջում և յուրաքանչյուր պարկի համար վճարում են 1 լարի։

«Այս տարի դժվար է աշխատող գտնել, դեռ բոլորն իրենց դաշտերն են հավաքում, հավաքելու համար վճարում են 60 լարի։ Մեկ պարկը բարձել-բեռնաթափելն արժե 1 լարի։ Մենք շատ բեռնողներ ունենք, այս գործն արվում է երեկոյան և այդ ժամանակ բոլորն արդեն իրենց դաշտում աշխատանքն ավարտած են լինում, ազատ են և վարձով են աշխատում»,- ասում է Աննա Ղևենյանը։

Նա ունի 5 հեկտար կարտոֆիլի դաշտ։

Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանը նույնպես հոկտեմբերի 1-ին աշխատողներ չգտնելու պատճառով չի կարողացել կարտոֆիլ հավաքել։

«Չեմ աշխատում, քանի որ բանվոր չգտա, ես 1 հեկտար հավաքել եմ ու ծախել, եղանակի պատճառով ստիպված կանգնեցի, բայց հիմա աշխատող չեմ գտնում, գնացին ուրիշի մոտ, պիտի այնտեղ ավարտեն, նոր հետո ինձ մոտ գան: Կարտոֆիլի գինը ցածր է՝ 50-55 թեթրի, բանվորներին պատրաստ եմ վճարել 70 լարի, իսկ բեռնողներին՝ 80, չեմ կարողանում գտնել։ Անկեղծ ասած, այսքան ծախսերից հետո մեզ համարյա ոչինչ չի մնում։ Կարծում եմ, կարտոֆիլի բիզնեսը անշահավետ է։ Ամեն տարի ցանում ենք ու մտածում, որ այս տարի գործը շահութաբեր կլինի, բայց սխալվում ենք»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Նրա խոսքով, Մուրջախեթ գյուղում մեծամասնությունը չի աշխատում և չի կարողանում բանվոր գտնել։

Տեղական աշխատուժի պակասը ժամանակավոր խնդիր է, երբ փոքր ֆերմերներն ավարտեն իրենց սեփական դաշտերում բերքահավաքը, նրանք արդեն կսկսեն վարձու աշխատանքի գնալ: Հետո, եթե եղանակը բարենպաստ լինի բերքահավաքի համար, աշխատուժը կարող է նույնիսկ էժանանալ։ Սակայն, թե որքան ժամանակ եղանակը թույլ կտա սպասել այդ պահին, դժվար հարց է, ուստի ֆերմերները շտապում են բերքը հավաքել մինչև ցրտերն ընկնելը։