Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ արդեն ունի վարչապետի թեկնածու, որը չունի քաղաքական անցյալ։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է Pirveli հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ընդ որում Զուրաբիշվիլին չի հստակեցրել վարչապետի թեկնածուի անունը, սակայն նշել է, որ պատրաստվում է իր ընտրած թեկնածությունը քննարկել ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնց ներկայացուցիչների հետ հանդիպումները կսկսվեն երկուշաբթի։
Հարցին՝ պատրա՞ստ է լինել երկրի վարչապետ, մտածե՞լ է այդ մասին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Ինչի մասին եմ մտածել, այստեղ չեմ պատասխանի։ Ես ունեմ շատ լավ թեկնածու։ Եկեք նախ դա քննարկենք: Կյանքում ոչինչ չի կարելի բացառել, սա ծանր դաս է, որը յուրացրել եմ տարիների ընթացքում: Կարծում եմ, որ այսօր մենք ճիշտ ուղու վրա ենք և շարունակելու ենք գնալ այս ճանապարհով»։
Բացի այդ, նախագահը խոսել է կառավարության կազմի համալրման մասին և նշել, որ ակտիվորեն կքննարկի այդ թեման կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։