Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Գյուղացին գարունը բացվելուն պես տքնաջան աշխատում է, ամիսներ շարունակ հողը մշակում, զբաղվում կարտոֆիլագործությամբ` չիմանալով, թե տարվա վերջին արդյո՞ք բերքը արժեք կունենա, թե ոչ։
Մինչև բերքահավաք կա երկար և աշխատանքով լեցուն գործընթաց` հողի մշակում, պարարտացում, այնուհետև՝ ոռոգում։ Այս գործնթացին մասնակից են դառնում ամբողջ ընտանիքի անդամները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում աշխատելու համար։
«Այս տարի կարտոֆիլի բերքը բավականին լավ է, չնայած նրան, որ գինը այդքան էլ բարձր չէ, մոտավոր 50-60 թեթրի, այն ինչ սերմը գնել ենք 1 եվրոյով»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասացին բնակիչները։
Իսկ այն գյուղերում, որտեղ չկա ոռոգման համակարգ, բերքատվությունը այդքան էլ բարձր չէ։
Նշենք նաև, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում հիմնական զբաղմունքներից մեկը կարտոֆիլագործությունն է։
Այս տարի, բերքահավաքին ընդհառաջ ինչպես Նինոծմինդայի, այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետներում ֆերմերների համար կա մեկ այլ խնդիր՝ աշխատուժի պակաս։ Այժմ մեկ աշխատողի աշխատավարձը օրեկան 70-80 լարի է, իսկ բարձողների աշխատավարձը՝ 10 լարիով ավելի։
Գյուղացիների խոսքով, քանի որ կարտոֆիլի բերքահավաքը դեռ ավարտված չէ, այդ իսկ պատճառով չեն կարող նշել բերքի ստույգ ծավալը, ինչպես նաև կարտոֆիլի գինը։ Մինչև բերքահավաքի ավարտը գները սովորաբար փոփոխվում են։