Եկող տարի Իտալիան կառաջարկի լրացուցիչ 10 հազար աշխատանքային վիզա այն մարդկանց, ովքեր խնամում են տարեց մարդկանց եւ հաշմանդամներին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իտալիայի կառավաությունը՝ միգրացիոն նոր կանոններ ընդունելով, գրել է Reuters գործակալությունը։
Իտալիան, որը տառապում է բնակչության ծերացումից եւ ծնելիության նվազումից, արդեն վաղուց բախվում է հիվանդապահների անբավարարությանը։ Բարեգործական կազմակերպությունները, այդ թվում Sant’Egidio կաթոլիկական խումբը, կառավարությունում փորձել է թույլտվություն ստանալ արտասահմանից ավելի շատ հիվանդապահներ ներգրավելու համար։
Խնամատարների լրացուցիչ քվոտան հատկացվել է ի լրացումն 452 հազար աշխատանքային վիզաների, որոնք հայտարարվել էին անցած տարի 2023-2025թթ. համար, ինչը մոտ 150 տոկոսով ավելին է, քան նախորդ երեք տարիներին։
Վարչապետ Ջորջիա Մելոնիի աջ կառավարությունն ընդունել է մի շարք միջոցներ անլեգալ միգրանտներին զսպելու համար, ինչպես նաեւ ընդլայնել է լեգալ ներգաղթի ուղիները։
Չորեքշաբթի ընդունված հրամանագիրը ոչ կառավարական կազմակերպությունների դեմ պայքարի հերթական քայլն է, որոնք փրկում են միգրանտներին ծովում։
Այն բարեգործական կազմակերպություններին, որոնք օգտագործում են ինքնաթիռներ աղետի ենթարկված միգրանտների նավակների հայտնաբերման համար, կարգադրում է անհապաղ տեղեկացնել իշխանություններին իրենց շարժի մասին, այլապես նրանք կարող են պատժվել։
Նոր հրամանագիրը նաեւ միգրանտներին վիզաներ տրամադրելու համակարգում խարդախությունների դեմ ավելի խիստ միջոցներ է մտցնում։